Ջրաներկ, յուղաներկ, սուրճ. ներկայացվել են իրանցի նկարիչների աշխատանքները
Իրանցի նկարիչների խմբակային ցուցահանդես՝ Գեղարվեստի պետական ակադեմիայում: 2 ամիս նախապատրաստական աշխատանքից հետո Իրանի 70 նկարիչներ իրենց աշխատանքներն են ներկայացրել հայ արվեստասերներին: Ցուցահանդեսը բացվել է Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի աջակցությամբ:
Աբբաս Բադախշան Զոհուրի (ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան) - Բոլորս լավ գիտենք, որ Հայաստանի և Իրանի միջև մշակութային կապերը բավական ամուր են: Հուսով եմ, որ նման ցուցահանդեսների շնորհիվ կկարողանանք այդ կապերն ավելի զարգացնել՝ ո՛չ միայն Հայաստանում կլինեն այսպիսի ցուցահանդեսներ, այլև Իրանում կներկայացնենք հայ արվեստագետների աշխատանքները:
Պաստել, ջրաներկ, յուղաներկ՝ իրանցի նկարիչների աշխատանքային հիմնական միջոցներն են: Հաճախ դրանց ավելանում է սուրճը:
Ֆաթեմեհ Ջամշիդի («Պալետ Դայմոն» նկարիչների խմբի հիմնադիր) - Երեք աշխատանքներն էլ ներկայացնում են ռեալիզմը և սյուրռեալիզմը: Դրանք իրանյան նախշերով են զարդարված: Բոլորի դեպքում էլ օգտագործվել է համադրված տեխնիկա՝ սուրճ, յուղաներկ և ակրիլ:
Ցուցահանդեսին հիմնականում ներկայացված են կանանց աշխատանքները: Կազմակերպիչների խոսքով՝ նման կերպ ցանկացել են ընդգծել, որ Իրանում կանայք մեծ աշխատանք են կատարում:
Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայի (ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական) - Լիահույս ենք, որ ցուցահանդեսները կլինեն շարունակական՝ երկու երկրներում, քանի որ սա լավ հնարավորություն է փորձի փոխանակման, արվեստագետների շփման համար:
Չնայած արձակուրդային շրջան է, բայց համալսարանը մեծ ոգևորությամբ օգնել է իրանցի արվեստագետներին ցուցահանդեսի կազմակերպման գործում, համագործակցությունը շարունակական է լինելու՝ ասում է Արամ Իսաբեկյանը:
Արամ Իսաբեկյան (ՀՀ գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր) - Այս ամբողջը խոսում է այն մասին, որ մենք փորձում ենք համագործակցել մշակույթի, արվեստի լեզվով, որը, ըստ իս, շատ կարևոր է:
Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև օգոստոսի 29-ը:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան













