ԱԺ նախագահը լրագրողական կազմակերպություններին հայտնել է, որ ամեն ամիս հանդես կգա ասուլիսով

ՇՇողիկ Գալստյան

Լրագրողական երեք հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ օգոստոսի 23-ին հանդիպել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ քննարկելու խորհրդարանում լրագրողների գործունեությանը վերաբերող սահմանափակումները: ԱԺ խորհուրդն օրերս որոշում ընդունեց, ըստ որի խորհրդարանում լրագրողների աշխատանքը կթույլատրվի միայն նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Ազգային ժողովի այգում:

Թեմայի առնչությամբ Ալեն Սիմոնյանին ուղղված գրություններին ի պատասխան՝ լրագրողական կազմակերպություններն ստացել են հանդիպման առաջարկ և խնդիրը քննարկել օրենսդիրի ղեկավարի հետ: Հանդիպմանը մասնակցած «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը Սիմոնյանի հետ քննարկումից տպավորություն է ստացել, որ հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել:
Թեև նախաձեռնության հեղինակների հիմնավորմամբ՝ փոփոխությունները պայմանավորված են անվտանգությանը առնչվող խնդիրներով, այդուհանդերձ Մելիքյանի կարծիքով՝ որոշման հիմքում լրագրողների և պատգամավորների միջև մեկ-երկու կոնֆլիկտային միջադեպերն են:

Աշոտ Մելիքյան, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ - Մեկ-երկու միջադեպի պատճառով չի կարելի խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին այսպիսի սահմանափակումների արժանացնել: Կարծում եմ, որ դեռ ամեն ինչ այս որոշման շրջանակում չի մնա: Մենք պնդում ենք, որ ցանկացած պատգամավոր՝ ցանկացած հավատարմագրված լրագրողի համար հասանելի լինի և նրա հարցին կպատասխանի:

Մելիքյանի գնահատմամբ՝ սահմանափակումները միակողմանի են և ոչ համաչափ: «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահը հիշեցնում է լրագրողների գործունեության խոչընդոտմանն առնչվող միջադեպերը և հավելում՝ դրանք պետք է բացառվեն:

Աշոտ Մելիքյան - Կարգավորումը պետք է վերաբերի նրան, որ օրինակ՝ անվտանգության աշխատողը չմտնի օթյակ և արգելի լրագրողին աշխատել: Պետք է կանոնակարգվի նաև այն կոնֆլիկտային իրավիճակը, երբ պատգամավորը խլում է լրագրողի միկրոֆոնը և մտնում իր սենյակ, կամ վերցնում հեռախոսը, տանում ապակոդավորում, ջնջում տեսանյութերն ու վերադարձնում: Այսինքն՝ պետք է ԱԺ-ի և պատգամավորների գործունեությունը ևս կանոնակարգվի:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեդիա պատասխանատու, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ընդգծում է՝ այն, որ լրագրողներն ԱԺ շենքում չեն կարողանալու ազատ շրջել, նորմալ է, և դա ընդունված աշխատաոճ է միջազգային բոլոր կառույցների խորհրդարանում: Իսկ փոփոխությունները, ըստ նրա, ոչ թե սահմանափակում են, այլ կանոնակարգում:

Արթուր Հովհաննիսյան, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր - Այո՛, մի կողմից սահմանափակում է մինչ այս եղած ազատությունը՝ տեղաշարժի առումով, բայց սա սահմանափակում չէ այն իմաստով, որ երբևէ որևէ կանոնակարգում գոյություն չի ունեցել: Հիմա մենք կանոնակարգում ենք, որպեսզի լրագրողներն իմանան իրենց գործունեության վայրը, պատգամավորներն էլ իմանան իրենց գործունեության վայրը, որպեսզի մեր փոխհարաբերություններն արդյունավետ լինեն:

Հովհաննիսյանը, որ վերջերս է ստանձնել «Քաղաքացիական պայմանագրի» մեդիա պատասխանատուի պարտականությունները, վստահեցնում է՝ լրագրողները պատգամավորների հետ շփումների խնդիր չեն ունենա:

Արթուր Հովհաննիսյան - Եթե կլինեն քաղաքական ուժեր կամ գործիչներ, որոնք կօգտվեն այդ կանոնակարգումներից և չեն շփվի լրագրողների հետ, ապա դա կլինի միայն ի վնաս իրենց:

Ինչ վերաբերում է հանձնաժողովների և խորհրդարանում անցկացվող այլ միջոցառումների լուսաբանմանը, ապա Հովհաննիսյանը հավաստիացում է՝ այդ հարցերը ևս լուծում կստանան:

Արթուր Հովհաննիսյան - Լրագրողներն ազատ կլինեն լուսաբանել հանձնաժողովների նիստերը, ԱԺ քննարկումները, այսինքն՝ որևէ իրադարձություն, որ նախկինում լուսաբանվել է լրագրողների կողմից, չի սահմանափակվելու:

Ազգային ժողովի նախագահը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտնել է, որ ամեն ամիս հանդես կգա մամուլի ասուլիսով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում