«Նոր էջ»․ ծրագիր Արցախյան պատերազմի մասնակիցների համար

ԳԳոհար Սարգսյան

1500-ից ավելի երիտասարդ արդեն միացել են «Նոր Էջ» նախաձեռնությանը:  Մարտական գործողությունների մասնակցած և զորացրված երիտասարդներն այս տարվա հունվարից հնարավորություն ունեն մասնագիտական դասեր ստանալու, հետագայում  նաև աշխատանք գտնելու:

Արփի Կարապետյան («Նոր Էջ» նախաձեռնության ղեկավար) - Ամենակարևոր փուլը քարտեզագրումն էր՝ գործատուների պահանջները՝ ինչպիսի գիտելիքներ և հմտություններ են իրենց անհրաժեշտ, մյուս կողմից՝ կոչ արեցինք բոլոր այն երիտասարդներին, ովքեր վերադարձել էին, գան, միանան մեզ և անցնեն հարցում, որտեղ իրենք կբարձրաձայնեն՝ ինչ են իրենք ուզում այս կյանքից, իրենց մասնագիտության մեջ:

Մասնակիցներն ըստ հմտությունների, նախասիրությունների բաժանվել են խմբերի: Նախաձեռնությանը միացած 250 գործատու անվճար, շաբաթը մի քանի անգամ դասընթաց է անցկացնում երիտասարդների համար: Արփի Կարապետյանի խոսքով՝ հիմա ծրագրին մասնակցել ցանկացողներն ավելանում են, հիմա ավելի շատ են վստահում, քան սկզբնական շրջանում:

Արփի Կարապետյան - Մենք ի սկզբանե ասացինք, որ խոստում չենք տալիս, որ մենք աշխատանքի կտեղավորենք մեր երիտասարդներին, բայց անպայման խոստում ենք տալիս, որ դուռ կբացենք դեպի այն աշխատաշուկա, որտեղ կա պահանջ:

Երիտասարդները մոտ 50 ուղղությամբ կարող են գրանցվել ու մասնակցել դասընթացների: Տվյալների հավաքագրման երկրորդ փուլն արդեն մեկնարկել է: Տղաները հիմնականում ցանկանում են սովորել ծրագրավորում, ֆինանսներ, մարքեթինգ:

Արփի Խալաթյան («Նոր Էջ» նախագծի համակարգող) - Կային, իհարկե, ՏՏ ոլորտի դասընթացներ, ընդհուպ մինչև դաջվածքի արվեստ սովորելու դասընթաց ունեինք, որտեղ հաճախում էին երկու մասնակից, բայց շատ ոգևորված:

Տիգրանն ու Արայիկը մոտ մեկ ամիս է՝ բեռնափոխադրման ընկերությունում փորձաշրջան են անցնում: Հասցրել են ընկերանալ ու պատրաստվում են մասնակցել նաև նախաձեռնության մյուս դասընթացներին:

Տիգրան Մարգարյան («Նոր Էջ» նախաձեռնության մասնակից) - Էդ ամբողջ պրոցեսն առաջի հայացքից թվում է, թե շատ մակերեսային գործ է, բայց ինչքան որ սովորում ես, ինչքան խորանում ես նոր հորիզոններ ես տեսնում, ու էդքան ավելի իմ մոտ մոտիվացիա է առաջանում, որ ավելի շատ սովորեմ, ավելի շատ խորացնեմ իմ մասնագիտական գիտելիքները:

Դժվարությունները հաղթահարելի են, ու ամեն բան հնարավոր է իրագործել, եթե կա փոքր ցանկություն՝ ասում է Արայիկը:

Արայիկ Պատուրյան («Նոր Էջ» նախաձեռնության մասնակից) - Թիմակիցները շատ լավն են, փորձում են օգնել ու իրենք են լրացնում բացը:

Նախաձեռնությունը շարունակական է լինելու, ընդլայնելու են դասընթացների ցանկը: Վերապատրաստումն ավարտել է 139 երիտասարդ: Շատերն արդեն աշխատում են:

Հեղինակ՝ Էլեն Սարգսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում