Հայ գիտնականներն ուսումնասիրում են գենոմի խմբագրման ու սեքվենավորման մեթոդը

ՔՔրիստինե Ոսկանյան

Նորագույն սեքվենավորման այս սարքով կենսաբանները շաբաթներ առաջ պարզեցին՝ կորոնավիրուսի «դելտա» շտամը Հայաստանում է ու շատ արագ է տարածվում: 12 հիվանդի են ուսումնասիրել, 11-ի մոտ հենց այդ շտամն է արձանագրվել:

Գենոմի խմբագրման և սեքվենավորման գերազանցության այս կենտրոնը մոտ երկու տարի առաջ է հիմնվել՝ Համաշխարհային բանկի դրամաշնորհով: Գիտության ոլորտի համար աննախադեպ՝ ավելի քան 130 միլիոն դրամ են ստացել ու լաբորատորիան գերժամանակակից սարքավորումներով զինել: Այժմ սեքվենավորման ու գենոմի խմբագրման մեթոդներն են ուսումնասիրում ու կիրառում:

Ռոքսանա Զախարյան (Հայ-ռուսական համալսարանի Գենոմի խմբագրման և սեքվենավորման գերազանցության կենտրոնի ղեկավար) - Եթե ԴՆԹ-ում լինում են սխալներ, ինչպես որ տեքստում, դրանք լուրջ հետևանքների կարող են հանգեցնել: Գենոմի խմբագրման մեթոդները թույլ են տալիս շտկել այդ սխալները:

Գենոմի խմբագրման այս մեթոդով գիտաշխատողները գերժամանակակից հետազոտությունների շարք են սկսել: Շիզոֆրենիա հիվանդությունն են շարունակում ուսումնասիրել ու հիվանդի ԴՆԹ-ում հիվանդության բուժման արդյունավետության վրա ազդող որոշ մուտացիաներ հայտնաբերել: 

Արսեն Առաքելյան (Հայ-ռուսական համալսարանի կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն) - Ուսումնասիրում ենք նաև սթրեսային հիվանդությունը, ժառանգական քաղցկեղների տեսակներն ու շաքարային դիաբետը:

Բժշկության մեջ գենոմային խմբագրման դեպքերն աշխարհում եզակի են: Կիրառությունը դեռևս թույլատրելի չէ, գիտնականներն այժմ միայն հիվանդության ընթացքի կամ բուժման արդյունավետության տեսանկյունից են փորձարկումներ անում:

Արսեն Առաքելյան - Գենոմի խմբագրման տեխնոլոգիաները ներկայումս կիրառում են որպես գիտահետազոտական գործիք: 

Կենտրոնում այժմ ոչ միայն գիտական ուսումնասիրությունների շարք են անցկացնում, այլև Հայաստանում առաջին անգամ գենային ճարտարագիտության մասնագիտությամբ մագիստրոսական ծրագիր են սկսում: Կրթական գերատեսչությունից լիցենզիան օրեր առաջ են ստացել: Սովորելու համար կարող են դիմել բակալավրիատն ավարտած կենսաբանները:

Ռոքսանա Զախարյան - Մենք փորձում ենք ապահովել բոլոր հնարավոր մակարդակներով կրթությունը գենոմիկայի ոլորտում ու պատրաստել մրցունակ մասնագետներ, որոնք կարող են պահանջված լինել ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս:

Գենային ճարտարագիտությանն ու գենոմի խմբագրումը կենսաբժշկության ապագան են: Այս լաբորատորիայում անցկացվող հետազոտություններով մտադիր են գիտության մեջ մեկ քայլ առաջ շարժվել ու իրենց արդյունքներով օգնել բուժաշխատողերին թիրախային ու արդյունավետ բուժման հարցում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում