Շինհրապարակները՝ ԱԱՏՄ խոշորացույցի տակ

ՀՀովհաննես Վարդանյան

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը խոշորացույցի տակ է առել շինհրապարակները: Նորակառույց բազմահարկերում տեսուչները դետալ առ դետալ ստուգում են, խախտումներն արձանագրում, կառուցապատողին էլ տարբեր եղանակներով զգուշացնում վերացնել թերությունները:

Ստեփան Շահումյան (ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ) - Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվում են կարգադրագիր-հանձնարարականներ թերությունները վերացնելու համար, իսկ եթե լինում են խախտումներ, որոնք վարչական տույժ են առաջացնում, տուգանում ենք տվյալ կազմակերպությանը: 

ԱԱՏՄ ստուգայցից կառուցապատողն անակնկալի չէր եկել: Տեղամասի պետը վստահեցնում է՝ բիզնեսից զատ, իրենց համար կարևորը անվտանգությունն է: Տեսուչները բոլոր անկյուններում են խստորեն հետևում, որ շինարարներն ու բանվորները սահմանված կանոնները պահպանեն, իրենց առողջությունն ավելի բարձր գնահատեն:

Ստեփան Շահումյան - Եզրերը պետք է ցանկապատված լինեն, որպեսզի ընկնելու դեպքեր չգրանցվեն, աշխատողներն ապահովված լինեն անհատական պաշտպանության միջոցներով՝ արտահագուստով, սաղավարտով, ձեռնոցներով, կոշիկներով: 

Տեսչականը ստուգեց նաև ընկերության աշխատակիցների համար նախատեսված ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմանները: Ստեփան Շահումյանը նաև զարմացավ՝ շատ բազմահարկերում է եղել, բայց առաջին անգամ է շինհրապարակում առանձին խոհանոց, սնվելու համար լավ պայմաններ տեսնում:

Ստեփան Շահումյան - Ճիշտն ասած ես առաջին անգամ եմ տեսնում, որ շինարարության ոլորտում ճաշարան կա: Աշխատողներից հետաքրքրվում էի՝ աշխատանքը որ ժամին է սկսվում, աշխատանքային պայմանագրեր ունեն, չունեն: Դա, իհարկե, մենք հետագայում գրասենյակում կնայենք, բուժզննություն անցնում են, չեն անցնում:  

Սամվել Սնխչյան (շինարարական ընկերության գլխավոր ինժեներ, տեղամասի պետ) - Ունենք ճաշարանի պետ, ունենք նաև վերահսկողություն ներսում: Սննդի հետ գործ ունենք: Մթերքը բացառապես տեղական է, բացառվում է այսօրվա սնունդը վաղվա սեղանին դրվի: Շատ խիստ հետևում ենք բոլոր կանոններին: 

Տեսուչն արձանագրում է՝ նախորդ տարվա համեմատ շինհրապարակներում դրական փոփոխություններ կան: Խախտումները նվազել են, բայց դա չի նշանակում, որ աշխատելու տեղ չկա: Ստուգայցի ավարտին ԱԱՏՄ տեսուչները սպիտակ թղթին արձանագրեցին՝ որոշ աշխատակիցներ արտահագուստ չեն կրել, ցնցուղարաններ չկան, տարածքի մի մասն էլ ցանկապատված չէ:

Վիկտոր Գալստյան (Ճարտարապետ) - Աշխատանքների մի մասն ընթացքում են, կատարում ենք, մնացածը պլանային են, վերջացնելու ենք: Այսինքն՝ մոտ ժամանակներս նշված թերությունները կվերացնենք: 

Բացթողումների համար, թե ինչ պատասխանատվություն կկրի կառուցապատողը, տեսչականից դժվարացան ասել: Որոշումն ընկերությանը կուղարկեն մասնագիտական քննարկումներից հետո:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում