«Բանակից ՏՏ» դասընթացի լավագույն մասնակիցներն առավել հմտանալու լրացուցիչ հնարավորություն ստացան

ԱԱրսեն Մկրտչյան

Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներն ավարտեցին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ու DISQO-ի կողմից նախաձեռնած «Բանակից ՏՏ» դասընթացը: 38-ամյա Արամ Միրզոյանը 27 մասնակցից մեկն է: 44-օրյա պատերազմի ժամանակ կամավորագրվել է ու մասնակցել մարտական գործողություններին՝ Շուշիում: Նա մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց IT ոլորտն իրեն միշտ հետաքրքրել է:

Արամ Միրզոյան, «Բանակից ՏՏ» դասընթացի մասնակից - Պատերազմից հետո դժվար էր ինչ-որ նոր բանով զբաղվելը, ընդհանրապես ցանկություն չկար, բայց պետք է առաջ գնալ, ոչ մի բան չանելով առաջ չես գնա, չես օգնի ոչնչով:

Մարտական գործողությունների մասնակից տղաները 4 ամիս հնարավորություն ունեցան անվճար ուսումնասիրել ու այսօր արդեն տիրապետում են ծրագրավորման ու վեբ տեխնոլոգիաների հմտություններին:

«Բանակից ՏՏ» ծրագիրն իրականացվում է արդեն 2-րդ անգամ, առաջին անգամ իրագործվել է 2016 թ. Ապրիլյան պատերազմից հետո: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը ծրագրի արդյունքներից գոհ է, սակայն նպատակներն ավելի հեռահար են ու մեծ:

Րաֆֆի Քասարջյան, ԱՏՁՄ գործադիր տնօրեն - Հիմա խոսքը գնում է տասնյակ կամ մի քանի հարյուր մասնակիցների մասին: Կուզենայի հասներ հազարների, որովհետև մի կողմից պահանջ կա, մյուս կողմից՝ շատերը մասնակցեցին պատերազմին:

Մասնակիցներին դասավանդել են DISQO թիմի առաջատար մասնագետները, որոնք վստահեցնում են, որ մասնակիցները գերազանցել են սպասելիքները: Դասավանդողներից Լիլիթ Գաբրելյանը վստահեցնում է, որ անգամ ոչ ուսանողական տարիքը մասնակիցներին չի խանգարել առավելագույն ակտիվություն ցուցաբերել:

Լիլիթ Գաբրիելյան, DISQO ընկերության առաջատար ծրագրավորող - Շատ շատերը ոգևորված էին ու շատ էին ուզում գիտելիք ստանալ, որպեսզի կարողանան ինչ-որ փոփոխություն անել իրենց կյանքում: 

Ծրագիրն ավարտած 27 հոգուց 4 լավագույն մասնակիցները հնարավորություն ստացան ավելի խորացնել գիտելիքները՝ ուսման 2-րդ փուլ անցնելով: Նրանք միացան Java դասընթացին, որին կհաջորդի ընկերություններում փորձաշրջան անցնելու հնարավորությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում