Օգոստոսի 23-26-ը ամերիկացի վիրաբույժ Ջենարո Լաբելան հաստ աղու վիրահատություններ կկատարի Երևանում

Օգոստոսի 23-26-ը ամերիկացի վիրաբույժ Ջենարո Լաբելան Հայաստանում կլինի: Վիրահատություններ կկատարի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Իր հայ գործընկեր Ավետիք Պետրոսյանի հետ պլանավորած վիրահատությունները բացառիկ են լինելու նրանով, որ հաստ աղու ուռուցքների վիրահատություններն արվելու են լապարասկոպիկ եղանակով՝ առանց կտրվածքների: Հաստ աղու լապարասկոպիկ վիրահատություններ Հայաստանում շատ քիչ են կատարվում, մինչդեռ Նահանգներում այն ընդունված պրակտիկա է:

Ավետիք Պետրոսյան (Ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ) - Գաղտնիք չէ, որ ավելի զարգացած երկրներում բժշկության որակը ավելի բարձր է մեր մոտից, և այդ պատճառով այսպիսի այցերը, փորձի փոխանակումը մեծ նշանակություն ունեն մեզ մոտ՝ Հայաստանում բժշկության զարգացման համար, որից առաջին հերթին շահելու են հիվանդները:

Սա ամերիկացի վիրաբույժի առաջին այցը չէ Հայաստան: Նախորդ անգամ 2019-ին էր ժամանել, նույն թիմի հետ, նույն տեսակի վիրահատություններ էին կատարել:

Ավետիք Պետրոսյան - Կատարվել են վիրահատություններ, որոնք առաջին անգամ են կատարվել մեր կենտրոնում, որից հետո մենք ինքներս մեր ուժերով, արդեն իր կատարած վիրահատությունների փորձից ելնելով՝ արել ենք նմանատիպ վիրահատություններ:

Վիրահատություններն անվճար են լինելու, ինչպես Հայաստանում կատարվող ուռուցքային բոլոր վիրահատությունների դեպքում: Ջենարո Լաբելան Հայաստան է ժամանում բարեգործական կազմակերպություններից մեկի աջակցությամբ: Նախորդ այցի ժամանակ ամերիկացի վիրաբույժը վիրահատություններից ու փորձի փոխանակումից բացի նաև սարքավորումներով էր աջակցել. Ուռուցքաբանության կենտրոնին լապարասկոպիկ սարք էր նվիրել:

Հմայակ Եփրեմյան (Ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վարիչ) - Իհարկե, այդ եղանակով վիրահատությունը՝ ոչ ինվազիվ, ավելի քիչ տրավմատիկ է լինում, հիվանդի գտնվելը հիվանդանոցում կրճատվում է, ավելի հեշտ է վերականգնվում, դրա պատճառով էլ համարվում է ավելի ժամանակակից մեթոդ:

Մասնագետներն այս փուլում առանձնացնում են ամենաբարդ դեպքերը, որպեսզի ամերիկացի վիրաբույժի հետ հենց նրանց վիրահատեն: Ջենարո Լաբելայի մասնակցությամբ վիրահատության ենթարկվելու համար գրանցումներն ավարտվում են օգոստոսի 13-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում