Երևան-Թբիլիսի ուղևորափոխադրումները կաշխուժանան

ՎՎահե Կոստանդյան

Վրաստանն ու Հայաստանը փորձում են ակտիվացնել տարածաշրջանը: Ավտոմեքենայով՝ 4-5, գնացքով՝ 9 ժամ, ինքնաթիռով՝ մինչև 35 րոպե. տարբեր տրանսպորտային միջոցներով Երևանից Թբիլիսի հասնելու տևողություններն են: Տնտեսապես ամենահարմար տրանսպորտը գնացքն է, որով Երևան-Թբիլիսի տևողությունը 9 ժամի փոխարեն կարելի է հասցնել 3 ժամի: Երկկողմ ուղևորափոխադրումների ակտիվացման հարցերը էկոնոմիկայի նախարարը քննարկել է վրացի գործընկերոջ հետ:

Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Դիտարկեցինք տարբեր հնարավորություններ, ճապոնական, չինական սուպեր գնացքները, և այդտեղ բազմամիլիարդ ներդրումների մասին ա խոսքը, մենք առայժմ թողեցինք այդ նախագծերը մի կողմի վրա:

Սուպեր արագընթաց գնացք չի լինի, բայց որ գնացքով 3 ժամում հնարավոր է հասնել Թբիլիսի, նախարարը վստահ է: Դա հնարավոր է երկաթուղու եղած ենթակառուցվածքները վերակառուցելուց հետո: Մասնավորապես խնդիր կա վերանորոգել Դիլիջան-Հրազդան, Վանաձոր-Ֆիոլետովո հատվածները, բացի դա, ընդհանուր գիծը նաև արդիականացման կարիք ունի, ասում է Վահան Քերոբյանը:

Վահան Քերոբյան - Դա անելուց հետո ակնկալում ենք, որ կտրուկ կավելանա երկկողմ ուղևորափոխադրումը, տուրիստական հոսքերը երկու ուղղություններով էլ, որը մեծ օգուտ կբերի երկու երկրների տնտեսություններին:

Արագընթաց գնացքի գործարկումը ձեռնտու է ոչ միայն երկու երկրների միջև տուրիզմի ակտիվացման տեսանկյունից, այլև արտերկրից մեր տարածաշրջան եկող զբոսաշրջիկները կարող են մեկ գծով այցելել երկու պետություն: Նախագիծն առավել մանրամասն քննարկվելու է այս շաբաթ, այնուհետև կանցնեն կոնկրետ գործի, ասում է նախարարը:

Նախնական հաշվարկով՝ երկաթգծի արդիականացման համար կծախսվի 400 մլն դոլար, փոխարենը տարածաշրջանում կակտիվանա երկկողմ ուղևորափոխադրումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում