«Պատիվ ունեմ»-ի շրջանավարտները կհամալրեն սպայական կազմը

ՀՀայկ Նավասարդյան

Սպարապետի հայացքի ներքո զինվորական երդում է՝ ծառայել հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը:

Շարքում «Պատիվ ունեմ»-ի տղերքն են, 2018-ից 2,5 տարի Վազգեն Սարգսյանում են՝ բարձրագույն կրթությունը զինվորական ծառայության հետ են համատեղել, ռազմական պատրաստություն անցել, կոփվել: 

Կուրսանտական ուսադիրները շուտով սպայականով կփոխարինվեն, կհամալրեն հայոց բանակի սպաների՝ դասակի հրամանատարների շարքերը:

Վահրամ Մուրադյանը նրանցից մեկն է, 44-օրյա պատերազմից հետո էլ ավելի պատասխանատվությամբ է վերաբերել որոշմանը. բարձրագույն կրթությունից ավելի բարձր է համարել հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը.

Վահրամ Մուրադյան (Կուրսանտ) - Մենք ծանր մարտ ունեցանք, բայց դա դեռ ավարտը չի և մենք, համալրելով սպայական կազմի շարքերը, ամեն ինչ կանենք, որ հաղթանակը մերը լինի:

Ապագա հաղթանակների համար կուրսանտները երդումից հետո 40-օրյա զորային հավաքների են՝ տեսականը գործնականում կիրառելու: Հենց այս ընթացքում էլ հնարավորություն կունենան զենքին, զինտեխնիկային ավելի հմտորեն տիրապետել, դասակի հրամանատարի պարտականությունները կատարել:

Խաչատուր Խաչատրյան (ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ) - Վստահ եմ, որ մեր տղաները բավականին կիրթ, զարգացած են, տրամադրված են զինվորական ծառայությանը և լավ կանցնեն զորային հավաքները և շատ շուտով կհամալրեն մեր զինված ուժերի սպայական կազմը:

Ծնողները որդիներին բարձր տրամադրությամբ են ճանապարհում: Հայրենիքին տեր կանգնելը բոլորի պարտքը համարում, վստահ, որ իրենց որդիները կարող են և պետք է պաշտպանեն հայրենիքը:

Տղաների հետ խաչով ու հավատքով ռազմական համալսարանում ծառայող գնդերեցը ուրախությամբ է նշում՝ ապագա սպաները կազմ ու պատրաստ են հայրենիքի պաշտպանությանը.

Պետրոս սարկավագ Ղազարյան (ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի գնդերեց) - Բոլորը պատրաստ են գնում ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ծառայել հայրենիքին, շատ կարևոր է՝ ինչի համար ենք երդվում և հանուն ինչի: Այսօր մեր կուրսանտները, որպես սրբություն, խաչի առաջ երդվեցին և բարձրագույն սպայակազմի ու ծնողների առաջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում