Այգեկն ապահովված է խմելու ջրով. «Վեոլիա ջուրը» փոխել է գյուղը սնուցող վթարված խողովակաշարը

ՀՀայկուշ Ասլանյան

Ղազարավանի ջուրը վերջապես հասավ Այգեկ: Աչքներս ջուր կտրեց սպասելով՝ կեսկատակ ասում են բնակիչները՝ ուրախանալով, որ ամենաորակյալ ու քաղցրահամ ջուրն իրենցն է:

Ալվարդ Սայրադյան (Այգեկ համայնքի բնակիչ) - Ամենաբարձրորակ ջուրն է, մեզ էլ են տեղյակ պահել այդ մասին:

Այնպես չէ, որ գյուղում ջրի սով էր: Ունեցել են, բայց՝ քիչ ու ցածրորակ: Տարիներ առաջ համայնքը փորձել է ժամանակավոր լուծում տալ խնդրին: Սեփական միջոցներով մետաղյա ավազան է տեղադրել՝ չի արդարացրել: Ավելի ուշ հովանավորները ջրամբար են կառուցել, ներքին ջրատար անցկացրել, բայց դրանք էլ չեն դիմացել ժամանակի փորձությանը:

Արտյոմ Խաչատուրյան («Արմավիր» տեղամասի համակարգող պետ) - Գտնվում է քայքայված վիճակում, մենք իրականացնում ենք շինաշխատանքներ, փոխարինվել է պոլիէթիլենային խողովակներով:

Այգեկի՝ տարիներով կուտակված խնդրին լուծում տվեց «Վեոլիա ջուրը». փոխեց գյուղը սնուցող 800-մետրանոց վթարված խողովակաշարն ու կառուցեց նորը՝ մինչև օրվա կարգավորիչ ջրամբար: Հիմա ջուրը սպառողին է հասնում ոչ թե 800, այլ 1060 գծամետր խողովակաշարով: Եթե նախկինում այն մատակարարվում էր 100 մմ տրամաչափի խողովակներով, հիմա՝ 160: Մեծ տրամագիծը կնվազեցնի ճնշման կորուստներն ու հնարավորություն կտա ջուրը սպառողին հասցնել նույնիսկ ցածր ճնշման դեպքում:

Արտյոմ Խաչատուրյան - Պոմպը շրջանցող հանգույց ենք կառուցել, որ անջատած ժամերին ևս ջուրը գնա գյուղ:

Ջրի և էլեկտրաէներգիայի խնայողության համար ինվերտորային պոմպ են տեղադրել: Իսկ նախկին փակուղային ցանցը փոխարինել են օղակաձևով: Դա կակտիվացնի ջրի շրջանառությունն ու կնվազեցնի կորուստը: Ընկերությունն աշխատում է խրամատ հիշեցնող փոսեր չփորել ու անհարմարություններ չստեղծել բնակիչների համար: Իսկ բացած փոսերը կփակի և կասֆալտապատի:

Սպարտակ Մկրտչյան («Վեոլիա ջուր» ՓԲԸ Հարավի շահագործման տնօրեն) - Մի հատված քանդել ենք մինչև մյուս փականային հանգույցը, ինչքան կլինի՝ էական չէ, փականային հանգույցների միջև քանդել ենք և խողովակը մեր սրսկման եղանակով անցկացրել ենք:

Այգեկի մեծ մասն արդեն ապահովված է մշտական ջրով: Իսկ այն թաղամասերում, որ դեռ չեն հասցրել 24 ժամ ջուր տալ, կլինի առաջիկայում:

Վարուժան Աբրահամյան (Այգեկ համայնքի ղեկավար) - Իրենց կատարած աշխատանքի շնորհիվ համայնքը 16-17 ժամ ջուր ունի և աշխատում է 24 ժամի համար:
 
«Վեոլիա ջուրը» նաև ջրաղբյուրներում է ներդրում արել: Ակունքներում ջրի պակաս չկա՝ ասում են: Ճիշտ կառավարման դեպքում ջրամատակարարման խնդիր չի լինի:
 
Այգեկից բացի, ընկերությունն աշխատանքներ է կատարում մարզի ևս 4 համայնքում:

Սեփական միջոցներից 220 մլն  դրամ է հատկացրել, որ այդ բնակավայրերը մշտական ու որակյալ ջուր ունենան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում