Ցողունային բջիջները կարող են օգնել ուղեղի ֆունկցիաների վերականգնմանը կաթվածից հետո

ՎՎահե Դավթյան

Գիտական աշխատանքը կաթվածն է՝ համաշխարհային խնդիր գիտության համար: Այն հանդիսանում է մահացության հանգեցնող երկրորդ  և հաշմանդամության առաջին աստիճանի պատճառ աշխարհում: Գիտական խմբերը փորձում են հասկանալ՝ ինչպես է հնարավոր ուղեղային հյուսվածքի վնասումից հետո օգնել մարդկանց՝ հաղթահարելու հաշմանդամությունը: Նեյրոգիտության լաբորատորիայում վեց տարի Սենիկը զբաղվում է այս խնդրով, և գաղափար առաջացավ հասկանալ՝ ուղեղային հյուսվածքը ինչպիսի պաշտպանական մեխանիզմներ ունի, այսինքն՝ ուղեղը ինչպես է փորձում պայքարել կաթվածի դեմ:

Սենիկ Մատինյան (կրտսեր գիտաշխատող, ասպիրանտ) - Սկսեցինք կենտրոնանալ ուղեղում առկա ցողունային բջիջների վրա, դրանք այնպիսի բջիջներ են, որոնք ունակ են սկիզբ տալու նոր նեյրոնների:

Արդեն ապացուցված փաստ է, որ ցողունային բջիջները ակտիվանում են կաթվածի ժամանակ: Բայց հարցն այն է, որ դրանք որոշակի փուլում մահանում են: Խնդիր են դրել՝ օգնել բջիջներին հասունանալ և կարողանալ օգնել ուղեղին վերականգնել ֆունկցիաները կաթվածից հետո: Ուղեղում կա որոշակի հատված, որն ունի ցողունային բջիջների հարուստ պաշար: Սա մասնագետներին հնարավորություն է տալիս փորձարկել նրանց ներգրավվածությունը խնդրի կարգավորման համար:

Սենիկ Մատինյան - Մենք էլեկտրական ազդակների միջոցով սիմուլացնում ենք այդ հատվածին հարակից այդ ուղեղային հատվածը այն հույսով, որ դա կբերի այս ցողունային բջիջների առավել ակտիվացմանը:

Սկսած երրորդ կուրսից Սենիկը կենտրոնացել  է կաթվածի կենդանական մոդելների վրա: Թեզը հաստատելու համար, մասնագետի պնդամբ, պետք է կարողանալ բջջային կուլտուրայի կամ կենդանիների վրա ստեղծել այն հիվանդությունը, որը հիմք է խնդրի բացահայտման համար:

Սենիկ Մատինյան - Իսկ ինչպես կաթվածի ստացումը զուգակցենք ուղեղային որոշակի հատվածի սիմուլյացիայի հետ, որովհետև դրանք ստացվում են երկու վիրահատություն, երկուսն էլ բավականին բարդ՝ իրարից ժամանակային հեռացված:

Համագործակցում են մեկ այլ խմբի հետ, որոնք օգնել են մշակել ուղեղային հյուսվածքի սիմուլյացիայի գերճշգրիտ ժամանակակից համակարգ: Ուղեղային հյուսվածքին հասնող էլեկտրական հոսանքի պարամետրերը պետք է լինեն ճշգրիտ: Զարգացնելով ուղղությունը՝ ստացել են փակ համակարգ, այսինքն՝ տալիս են պարամետրերը, համակարգը զգում է՝ որքանո՛վ են ազդակները ճիշտ, և եթե կա շեղում, ինքն իրենով կարգավորում է:

Սենիկ Մատինյան - Մեր արդյունքները ցույց են տվել, որ երբ որ սիմուլյացիան սկսվում  է կաթվածի ենթասուր շրջանում, դա բերում է նրան, որ կաթվածի ծավալը այն արագությամբ չի աճում, որը լինում է այն կենդանիների մոտ, որոնք չեն ստացել սիմուլյացիա:

Հետազոտությունները կլինիկական փուլ տեղափոխելու դեպքում արդյունքը կլինի այն, որ կաթված ստացած մարդիկ, որոնք չեն շարժում ձեռքը կամ ոտքը, հնարավորություն կունենան կիսով չափ  վերականգնել ֆունկցիոնալ ակտիվությունը: Ասպիրանտն իր հետազոտական աշխատանքները իրականացնում է Գիտության կոմիտեի տրամադրած ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագրի շնորհիվ:

Դրամաշնորհը նաև հնարավորություն է տալիս մասնակցել միջազգային գիտաժողովների, կիսվել ստացված արդյունքներով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում