Հրդեհների հնարավոր ռիսկի ֆոնին ԱԻՆ-ն անցել է երկու հերթափոխով ծառայության

ՎՎարդուհի Բալյան

Տարածաշրջանային հրդեհների ֆոնին Հայաստանում ևս մեծացել է նման տարերային աղետների ռիսկը: Այս նպատակով արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ուժերն անցել են երկու հերթափոխով ծառայության:

Արսեն Սարոյան (ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ) - Մենք ուժեղացրինք ծառայությունը և պատշաճ կերպով պատրաստ ենք, անմիջապես արձագանքում ենք ցանկացած հրդեհի, արտակարգ դեպքի և պատահարի:

Այս ընթացքում կենտրոնի հրահանգիչնեը ևս արտակարգ ռեժիմով են աշխատում: Օպերատորների օպերատիվության շնորհիվ է նաև, որ հրդեհների մասին հաճախ չենք լսում:

Սյուզաննա Չերկեզովա (911 ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնի հրահանգիչ) - Կենտրոնում ընդհանուր ստանում ենք մոտ 1500-2000 զանգ, որից 30-40 հատը կարող է լինել հրդեհ: Ունենում ենք հիմնականում խոտածածկ տարածքներում՝ եղանակի հետ կապված, լինում են մեկ-մեկ բնակարաններում:

Հրդեհների հիմնական պատճառը, ԱԻՆ պատասխանատուների խոսքով, մարդկային գործոնն է: Եղանակային պայմանները բարենպաստ են, ԱԻՆ-ն էլ բավարար քայլեր է ձեռնարկել հրդեհների կանխարգելման համար, ինչի արդյունքը տեսանելի է, հրդեհների թիվը նախորդ տարիների համեմատ նվազել է:

Երկհերթափոխային ծառայություններից բացի, կատարվում են կանխարգելման այլ միջոցառումներ: Անտառածածկ, բուսածածկ տարածքներում ոռոգում, պարբերաբար շրջայցեր, անօդաչու թռչող սարքերով վերահսկողություն և բնակչության շրջանում իրազեկման աշխատանք:
 
Արսեն Սարոյան - Հայաստանի 11 տոկոսն են անտառային տարածքները, և եթե յուրաքանչյուրս ըմբռնումով մոտենանք, պահպանենք հրդեհային անվտանգության կանոնները, անփույթ վերաբերմունք չցուցաբերենք և ընդհանուր համատեղ աշխատանքվ մենք ավելի արդյունքների կհասնենք և կպահպանենք անտառային և բուսածածկ տարածքները:

Երկու հերթափոխով ծառայության անցնելը բացառապես լրացուցիչ անվտանգության համար է՝ վստահեցնում է ԱԻՆ պատասխանատուն, շեշտում՝ հրդեհները կանխատեսելն անհնար է:

Հեղինակ՝ Կարինե Տերտերյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում