Քննարկվում է «Հայոց պատմություն» առարկայի քննական շտեմարանները փոփոխելու հարցը

ՔՔրիստինե Ոսկանյան

Աշակերտից ուսանող դառնալու ճանապարհին այս տարի բարձր միավորներով աչքի են ընկել հատկապես հայոց պատմությունից քննություն հանձնողները: Այս առարկայից 18-20 են ստացել դիմորդների 1/3-րդը:

Արամ Նազարյան (ԳԹԿ գլխավոր մասնագետ) - Առաջին փուլի միջին գնահատականը եղել է 14.6 միավոր:

Միավորները բարձր են, բայց Գնահատման և թեստավորման կենտրոնի գլխավոր մասնագետն ամենևին էլ չի կարծում, որ դիմորդներն առարկան լավ գիտեն: Մեխանիկական աշխատանքի արդյունք է: 2017 թվականից հետո հայոց պատմության շտեմարանները վերահրատարակվել են, բայց բովանդակային առումով ոչինչ չի փոխվել:

Արամ Նազարյան - 3 տարի դիմորդները նախապատրաստվում են և հասցնում են երեք շտեմարանները լավ յուրացնեն, անգիր անեն:

Շտեմարաններն անգիր անելու հարցում հաճախ աշակերտներին օգնում են հենց ուսուցիչները: Պատմության դասաժամերին դասագիրքը մի կողմ են դնում ու շտեմարանով դասն անցկացնում: Ըստ պատմության ուսուցչի` սա տարածված պրակտիկա է:

Աշոտ Եղիազարյան (պատմաբան, հասարակագետ) - Շտեմարաններով պարապելը բացասական երևույթ է: Շտեմարանով պարապելը մի դրական բան կարող է ունենալ, երբ որ յուրացրել ես գիտելիքը, այն գործիք է դառնում, որ ստուգես դա:

Որպեսզի ոչ թե մեխանիկական աշխատանքը, այլ իրական իմացությունը ճշգրտվի, ԳԹԿ-ում առաջարկում են հաջորդ տարվա համար քննական ծրագիրը փոխել: Այն թեմաները, որոնք նախորդ տարիներին ընդգրկված չեն եղել, ներառել քննական թեստերում:

Արամ Նազարյան - Ուզում ենք բովանդակային առումով թարմացում անել քննական ծրագրում, թեստերի բովանդակության մեջ նաև ստուգենք դիմորդների պատմական մտածողության վիճակը: 

Աշոտ Եղիազարյան - Թեմաներ կան, որ չէի ասի որ երկրորդական են, բայց շտեմարանից դուրս են մղված:

Ըստ Եղիազարյանի՝ շտեմարարաններում պատմության ամբողջ ընթացքը չի ներկայացվում: Բացի այդ, չեն ձևավորվում նաև վերլուծական կարողություններ: Շտեմարանների առաջադրանքները նույնությամբ ձևակերպվում են քննական թեստում, դիմորդների գործն էլ հեշտացնում: ԳԹԿ-ում առաջարկում են թեստ կազմողներին ինքնուրույնություն տալ:

Արամ Նազարյան- Հնարավորություն տրվի հայոց պատմության պարագայում թեստ կազմողները ոչ միայն շտեմարանների առաջադրանքների հիման վրա կազմեն քննական թեստը, նաև կարողանան որոշ առաջադրանքներ, որոնք քննական ծրագրին համապատասխանում են, իրենք ինքնուրույն կազմեն:

Փոփոխություններ անելու համար նախնական քննարկումներ արդեն արել են: Առաջարկները մինչև նոր ուսումնական տարվա սկիզբ կներկայացնեն նաև կրթական գերատեսչություն: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում