Ֆրանսահայ կամավորները նորոգում են Դիլիջանի N2 դպրոցի մի մասնաշենքը

ԳԳայանե Թամամյան

Շինարարական աղմուկը՝  միախառնված  հայերենով ու ֆրանսերենով. ֆրանսահայ երիտասարդ կամավորները  նորոգում են Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի մի մասնաշենքը: Աշխեն Տիրեքը Փարիզում աստղագիտություն է ուսանում, պատ հարթեցնելն այստեղ է սովորել, հիմա ձեռքն ավելի վարժ է դարձել, ամենից շատ ուրախ է երեխաների համար, նախկին դասասենյակներն անճանաչելիորեն փոխվել են:

Աշխեն Տիրեք, կամավոր - Շատ տգեղ էր, պատերին ներկեր չկային, պիտի ուղղակի նորոգեինք: Հիմա խաղասրահ կլինի, այստեղ պիտի նկարեն:

Հայազգի կամավորներին է միացել նաև ֆրանսուհի Նելլի Դոռնելը: Առաջին անգամ է Հայաստանում, բայց վերջինը չի լինի․

Նելլի Դոռնել, կամավոր - Շատ  ուրախ  եմ, որ այստեղ եմ, օգնում եմ դպրոցին: Շատ եմ սիրում Հայաատանը և  մարդկանց, անպայման էլի կգամ Հայաստան:

Հայ Բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ Ֆրանսիայում ծնունդ առած կամավորական այս շարժումն արդեն տասը տարեկան է: Երկու տարին մեկ տարբեր ծրագրեր են կյանքի կոչել Հայաստանում և Արցախում: Նորոգել են  նաև սահամանամերձ գյուղերի դպրոցներ:  Փարիզեցի Վահեն հնաբնակներից է, 3-րդ անգամ է մասնակցում ծրագրերին, իսկ Դիլիջան երկրորդ այցն է:

Վահե Թադևոսյան, կամավոր - Այս տարի որոշեցինք ընտրել Դիլիջանը, որովհետև շատ ենք սիրում այս քաղաքը, գեղեցիկ քաղաք է, մարդիկ շատ բարի են:

30 կամավորով հիմնովին նորոգել են դպրոցի 4 դասասենյակները, որոնք մշակութային յուրատեսակ անկյուն  կդառնան: Այստեղ կգործեն խաղասրահը, դահլիճը, երեխաների հանգստի սենյակը, նորացրել են նաև մասնաշենքի տանիքը, տեղադրել արևային վահանակներ: Ծրագրի արժեքը  67 հազար եվրո է: Մեկ ամիս առաջ սկսված շինարարության վերջին արարն է:

Մարինե Մեջինյան, Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն - Դպրոցում չի եղել դահլիճ՝ էլեկտրոնային գրատախտակով, հիմա մենք կունենանք նաև պարի համար նախատեսված սենյակ: Հրաշալի աշխատանք են իրականացնում, ջանասիրաբար: Մեր ուսուցչական կոլեկտիվը, ծնողները և աշակերտները մեծ անակնկալ ունեն նոր ուսումնական տարում:

Կամավորները հասցրել են նաև դպրոցականների համար ճամբար  կազմակերպել, շփվել դիլիջանցի երեխաների հետ,  օգտակար լինել՝ ինչով կարող են:

Աննա Խաչատրյան, Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտուհի - Շատ գոհ ու շնորհակալ ենք ֆրանսահայերից, որ նորոգեցին մեր դպրոցը: Ճամբար են բացել, երեխաներով գալիս էինք, մեզ հետ խաղեր էին խաղում, նվերներ տալիս:

Արցախցիներին ևս հասցեագրված նվերներ ունեն: Այս կենսուրախ երիտասարդներին քաղաքն ընդունեց ջերմությամբ և այդպես էլ պատրաստվում է հրաժեշտ տալ:

Արտակ Բոջիկյան, Դիլիջանի համայնքապետի խորհրդական - Ջերմություն, սրտացավություն և հոգատարություն ամբողջ հանրության կողմից: Մենք այսօր հրճվում ենք կատարված աշխատանքից: 

Դպրոցում ասում են՝ սա լավագույն նվերն է սեպտեմբերի 1-ի համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում