ՄՄերի Եգորյան

Շարունակվում են սպիտակ արագիլների աղտոտման պատճառների բացահայտմանն ուղղված աշխատանքները

Շարունակվում են սպիտակ արագիլների աղտոտման պատճառների բացահայտմանն ուղղված աշխատանքները

Հաշվի առնելով վերջին երկու տարվա ընթացքում սպիտակ արագիլների փետուրների անհայտ նյութով աղտոտման դեպքերն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում հայտնաբերված աղտոտման հավանական աղբյուր հանդիսացող Մասիս քաղաքի աղբավայրում առկա ձկնաբուծարանների թափոնների (ձկան փորոտիքը և այլն) վերաբերյալ փաստերը՝ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով հատուկ գրություններ են ուղարկվել Պետական եկամուտների կոմիտե՝ խնդրանքով՝ ներկայացնել տեղեկատվություն «Ձկնաբուծություն», «Ձկների, խեցեմորթների և կակղամորթների մշակում և պահածոյացում», «Բուսական և կենդանական յուղերի և ճարպերի արտադրություն», «Մսի մշակում և պահածոյացում», «Ընտանի թռչունների մսի մշակում և պահածոյացում», «Մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում» և «Օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրություն» տնտեսական գործունեության դասակարգման տեսակին համապատասխան Արարատի և Արմավիրի մարզերում փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ։

Մեկ այլ գրություն է ուղարկվել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ խնդրանքով՝ էկոլոգիական աղետի կանխարգելման նպատակով իրականացնել ուսումնասիրություններ Մասիսի քաղաքային աղբավայրում թափոնների սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների նորմերի պահպանման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ թռչունների աղտոտման աղբյուրը հայտնաբերելու և խնդրին համակարգային լուծում տալու նպատակով շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով դեռևս մայիսից նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրել են խնդիրը, շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ իրականացրել և համապատասխան գրություններ ուղղել պատասխանատու գերատեսչություններին։

Գրություններ են ուղարկվել, մասնավորապես, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Արմավիրի և Արարատի մարզպետարաններ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և մի շարք միջազգային կազմակերպություններ։

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նախաձեռնությամբ վերոգրյալ խնդրի շուրջ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանդիպում-քննարկում է տեղի ունեցել։

Բոլոր բարձրաձայնված մտահոգությունները հաշվի են առնվել, և դրանց լուծման ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ։  

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում