«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտնել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի մահվան մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարությամբ հայտնել է 2018 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի մահվան մասին:
«Մենք սգում ենք հարգարժան իրավաբան Չո Լա Աունի մահը (1941–2021), որն իր կյանքը նվիրել էր անարդարության դեմ պայքարին և Մյանմայում ռոհինջա ժողովրդի իրավունքների պաշտպանությանը:
Ըստ աղբյուրի՝ դառնալով 2018 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Չո Լա Աունն ընտրել է միջազգային երեք կազմակերպություն, որոնք Մյանմայում բժշկական օգնություն և օժանդակություն էին տրամադրում ռոհինջա փախստականներին ողջ հարավ-արևելյան Ասիայում, որոնց և նվիրաբերել է իրեն շնորհված 1.000.000 ԱՄՆ դոլար պարգևը. «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն, MERCY Մալայզիական բժշկական նպաստամատույց, Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողով: Ընդհանուր հաշվով՝ մինչև այսօր նրանց ջանքերի շնորհիվ աջակցություն է ստացել մոտ 375.000 ռոհինջա փախստական՝ ստանալով երկրորդ հնարավորություն և ավելի լավ ապագայի հույս:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տեղեկացմամբ՝ Չո Լա Աունն ականատես է եղել և անձամբ զգացել ռոհինջա համայնքի նկատմամբ մշտապես կիրառվող ճնշող կանոնակարգերի անմիջական ազդեցությունը: «Զինված օրենքի մասին իր գիտելիքով և անխոնջ վճռականությամբ՝ նա հաջողությամբ պայքարում էր Մյանմայում համակարգային անհավասարության դեմ և օգնում իր ռոհինջա քույրերին ու եղբայրներին հասնելու արդարության:
«Ավրորան» իր խորին ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնում պարոն Չո Լա Աունի ընտանիքին: Նրա հիշատակը վառ կմնա համաշխարհային մարդասիրական համայնքում»,- նշել են հայտարարության հեղինակները՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ լորդ Արա Դարզին և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, բժիշկ Թոմ Քաթինան:







