Աշխարհի 50-ից ավելի երաժիշտ միավորվել է Արցախին աջակցելու համար

ԼԼիլիթ Հարությունյան

Եվրոպայից Հարավային Կորեա ... Աշխարհի տարբեր ծայրերից 50 աշխարհահռչակ արվեստագետ դասական երաժշտության հնչյունները միավորում է՝ պատերազմից հետո Արցախին աջակցելու համար:

«Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան «Կանգնած ենք Արցախի կողքին՝ կառուցելով կիրթ ապագա» համերգների շարքով բարեգործական դրամահավաք է կազմակերպում:

Արմեն Մանասյան («Արտկոնցեպտ» միջազգային ասոցացիայի համահիմնադիր, գործադիր տնօրեն) - Ծրագիրը բարեգործական է, սակայն մենք իրականում դիտարկում ենք որպես ներդրում մեր հաջորդ սերնդի, նրանց կրթության, նրանց առաջխաղացման, մեր ապագայի համար: Մեզ համար շատ ուրախալի է, որ այս միջազգային համախմբումը տեղի է ունենում Stand With Artsakh հայկական ծրագրում հայ երեխաների համար: 

Հայ երեխաներին ու Արցախին օգնելու համար միավորվել են նաև իտալացի հայտնի ֆլեյտահար Մասիմո Մերչելլին և «Գրեմմիի» մրցանակակիր, Ռուսաստանից դաշնակահար Դանիիլ Տրիֆոնովը.

Դանիիլ Տրիֆոնով (Դաշնակահար, կոմպոզիտոր) - Որպես երաժիշտ՝ ես ընդդիմանում եմ ատելության որևէ դրսևորման քրիստոնեության բնօրրան Արցախում: Սկսված այս բռնությունը ողբերգական հիշեցում է նրա, թե ինչի կարող է հանգեցնել ատելությունը: Իմ աղոթքներն ու մտքերն այս հակամարտութան պատճառով անհիմն տառապածների հետ են: 

Արմեն Մանասյան - Կան ստեղծագործություններ՝ հատուկ այս նախագծի համար գրված: Կան երաժիշտներ, խմբեր, որոնք իրենց ձայնագրություններն են տրամադրել, մասնավորապես նվագախմբերը տարբեր փառատոններից հատվածներ:

«Արտկոնցեպտի» թիմը վստահեցնում է՝ նաև նման միջոցառումներով է պետք բողոքի ձայն բարձրացնել Ադրբեջանի քաղաքականության դեմ. իրենք մշակույթի լեզուն են ընտրել:

Արսեն Բաբաջանյան (Կոմպոզիտոր, «Արտկոնցեպտ» միջազգային ասոցացիայի արտ-տնօրեն) - Շատ ցավալի էր, որ պատերազմի դադարից հետո Սփյուռքում բոլոր ակցիաները, հավաքները դադարեցին, կարծես թե խնդիրը լուծված է, մինչդեռ Արցախի խնդիրը մնում է չլուծված և գուցե նույնիսկ ավելի ակտուալ, քան նախկինում: Չէի ուզենա նախորդ 30 տարիների սխալը կրկնել, ապա զարմանալ տեղի ունեցող իրողությունների շուրջ:

Արդյունքում՝ Regeneration ծրագրով Արցախի Սոցապնախարարության հետ կընտրեն 10-12 հոգանոց երեխաների խմբերի, կօգնեն մասնագիտական կողմնորոշման համար: Շաբաթը 2 անգամ խորացված անգլերենի, ծրագրավորման և այլ դասեր կանցնեն: Կշրջեն նաև տարբեր ընկերություններով՝ մեկ օր ապրելով իրենց սիրելի մասնագիությամբ և ոչ միայն:

Հայկուհի Հայրապետյան (Regeneration կրթական ծրագրի ղեկավար) - Եթե ունենք ինչ-որ երեխա, որը, օրինակ՝ ունի կարիք որոշակի այլ հմտությունների «Գուգլի» կողմից կամ արտասահմանյան որակավորումների, հետագայում նպատակ ունենք նաև համալսարանական կրթության համար ստիպենդիաներ տրամադրել երեխաներին: Հաշվարկել ենք 30 եվրո ամեն երեխայի համար, ընդլայնված ծրագրի համար՝ 50 եվրո: Հետևաբար, ամեն 30-50 եվրո ավելացման դեպքում ծրագրին ավելանում է ևս մեկ երեխա:

Եվս 2 համերգ, ու օգոստոսի 4-ին դրամահավաքը կամփոփվի:

Ի դեպ, այսօրվա առցանց համերգին կատարումներով կմիանա հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում