Իմպլանտը վերածելով ոսկորի․ նորարարությամբ Հայաստանն առաջինն է

ՎՎահե Դավթյան

Վնասված ոսկորի համակարգչային տոմոգրաֆիան վերցնում, ստեղծում են եռաչափ մոդելը: Բժշկի համար պարզ է դառնում՝ ո՛ր հատվածն է քայքայված կամ բացակայում: Ստացված մոդելի հիման վրա ստեղծում են իմպլանտը:

Մարինա Աղայան (քիմիական գիտությունների դոկտոր) - Բժիշկները նախքան վիրահատությունը նայում են ոսկորը, հարմարեցնում իմպլանտը, պլանավորում վիրահատության ընթացքը:

Հետո գործի են անցնում բժիշկ մոդելավորողները, ստանում են եռաչափ պատկերը: Թիմին խորհրդատվությամբ օգնում են ամերիկահայ բժիշկները: Հատուկ սարքով ստանում են իմպլանտը՝ ոսկորին ամրացնելու համար: Տվյալ դեպքում ունեն դեպք՝ աչքի ստորին ոսկորը քայքայվել է, աչքը իջել է հիմնական դիրքից: Առաջացել է երկակի տեսողություն:

Մարինա Աղայան - էս դեպքում անհրաժեշտ էր աչքի իմպլանտ ստեղծել, որը կբարձրացներ աչքը նույն դիրքում, ինչպես աջ աչքը:

Քիմիական գիտությունների դոկտորը ուսումն ստացել է մի քանի միջազգային գիտական ակադեմիաներում, տարիներ շարունակ աշխատել գիտական տարբեր կառույցներում: էստոնիայում թողել է իր իսկ ստեղծած կենտրոնը, եկել Հայաստան՝ այստեղ զարգացնելու գիտության մեջ իրականացրած իր նորարարությունը: Անկեղծանում է՝ պատերազմը ստիպեց գալ և այստեղ զբաղվել գիտական գործունեությամբ:

Մարինա Աղայան - Ո՞վ պետք է անի, եթե ոչ մենք, գանք հզորացնենք և ոտքի կանգնեցնենք մեր երկիրը:

Իր ստեղծած թիմով այստեղ անվճար իմպլանտներ են պատրաստում վիրավոր զինվորների համար և ոչ միայն: Ամսական մինչև 15 իմպլանտ տեղադրում, հետո որոշ ժամանակ հետևում են ընթացքին:

Երբ բժիշկը հաստատում է ձևը, արդեն մյուս սարքով տպում են մոդելը՝ բժշկական դասի տիտանից, հումքը ներկրում են Շվեդիայից: Բազմաֆունկցիոնալ սարքի միջոցով կարողանում են տպել և՛ պոլիմերային, և՛ կերամիկական իմպլանտներ: Գիտահետազոտական խումբը սարքի միջոցով կարողանում է տպել նաև բիոքայքայվող իմպլանտներ, դրանք համարվում են ոսկորի փոխարինիչներ:

Մարինա Աղայան - Ենթադրենք՝ չկա ոսկորի մի մասը, տեղադրում ենք էդ իմպլանտը, ինքը քայքայվելով օրգանիզմի մեջ՝ առաջացնւմ է կալցիում, ֆոսֆորական միացություններ, որոնք ստիպում են բնական ոսկորին աճել, և մարդն ունենում է բնական ոսկոր՝ իմպլանտի փոխարեն:

Արդյունքի համար գիտական թիմն աշխատել է ինը տարի: Մյուս տարի արդեն այս նորությունը կհայտնվի շուկայում՝ իրենց համար բացառիկ նվաճում: Հետազոտական փուլը սկսել են Իսպանիայում, հետո՝ Էստոնիայում, Բրազիլիայում, փորձարկել տարբեր կենդանիների վրա:

Մարինա Աղայան - Դոկումենտացիոն հարցերն ենք լուծում, որպեսզի հաջորդ տարի Հայաստանը լինի առաջին երկիրը, որը նման իմպլանտներ կարտահանի:

Թիմը կարողանում է կարգավորել իմպլանտից ոսկորի վերածվող նորույթի քայքայման արագությունըч հարմարեցնելով մարդու ոսկորի աճի արագությանը:

Մարինա Աղայանը իր քայլով կոչ է անում դրսի բոլոր գիտնականներին՝ գալ և տեղում նպաստել գիտության առաջընթացին: Բացի այդ, սա համարում է ճանապարհ, որով Հայաստանը կդառնա առաջատար՝ կիրառական գիտությայն բնագավառում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում