Անկախացումից հետո Բերդում կառուցվել է առաջին մարզադաշտը

ԱԱրևիկ Աբելյան

Երեսուն տարվա ընթացքում առաջին մարզադաշտն է կառուցվել Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքում: Առաջին ֆուտբոլային խաղի մեկնարկն ազդարարելու պատիվը տրվել է Խորեն Հովհաննիսյանին:

Տեր-Արամ Միրզոյան, Բերդ տարածաշրջանի հոգևոր հովիվ - Այսօր մեր տարածաշրջանում բացառիկ օր է, բոլորս ոգևորված և ուրախ ենք: Խորհրդային Միության փլուզումից ի վեր մեր տարածաշրջանում առաջին անգամ մարզադաշտ է կառուցվում: Կառուցողը մեր ազնիվ հայրենակից Վանիկ Ավագյանն է: Առիթից օգտվելով` մեր գնահատանքն ու օրհնությունն ենք հայտնում այս մեծագույն պարգևը մեզ նվիրելու համար:

Նման մարզադաշտի կառուցումը սահմանամերձ բնակավայրերում սպորտը մասսայականացնելու, զարգացնելու հնարավորություն է: Այս տարի, մինչև մարզադաշտի կառուցումը, Բերդ խոշորացված համայնքից երկու թիմ է մասնակցել Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը, իսկ մարզադաշտի գործարկումից հետո, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տավուշի մարզի ներկայացուցչի համոզմամբ, կմեծանա հաջողություններ գրանցելու հավանականությունը:

Արմեն Խաչատրյան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տավուշի մարզի ներկայացուցիչ - Այս մարզադաշտը շատ լուրջ խթան կհանդիսանա, որպեսզի թիմերի քանակն ավելանա և, իհարկե, խաղային որակը:

Նորակառույց մարզադաշտը պաշտոնապես համայնքին նվիրելու արարողության համար հրավիրվեցին Բերդ խոշորացված համայնքի ղեկավարը և բարերարը:

Վանիկ Ավագյան, բարերար - Մեր մանկությունն անցկացրել ենք այստեղ: Չէր բավականացնում խաղադաշտը, որպեսզի խաղեր կազմակերպեինք: Մարզադաշտ կառուցելու ցանկություն առաջացավ, քանի որ հնարավորություն կար, և ես էլ կարողացա համագյուղացիներիս հետ կառուցել այն:

Հարություն Մանուչարյան, Բերդ խոշորացված համայնքի ղեկավար - Ի դեմս պարոն Ավագյանի, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մեր բարեգործներին` կատարված, կատարվելիք աշխատանքների համար:

Մարզադաշտի պատմության առաջին մրցաշարում վեց թիմ է ընդգրկված: Խաղացողների խոսքով` ոչ թե հաղթելու կամ պարտվելու, այլ մարզադաշտում առաջինը խաղալու ցանկությունն է բերել այստեղ:

Տեր-Արամ Միրզոյան - Այսօր մենք առավել քան միասնության և համերաշխության կարիք ունենք, իսկ սպորտն այն մեծ ուժն է, որ կարող է բոլորիս համախմբել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում