Գեղարքունիքի սահմանին վիրավորված զինծառայողներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում

ՄՄայա Խաչատրյան

Ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկներին հաջողվել է կայունացնել նաև հուլիսի 28-ին հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում վիրավորված Վաչագան Մարտիրոսյանի վիճակը, որ գնահատվում էր ծայրահեղ ծանր:

Սահակ Օհանյան (ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ) - Վիճակը դեռևս  ծանր է՝ պայմանավորված ընդհանուր վիրավորումների, այն վնասների, որ կրել է զինծառայողը պայթյունի հետևանքով: Ներկայումս գտնվում է արհեստական շնչառության սարքի միացված, բժիշկները պատրաստում են մոտակա ժամանակներս վիրահատելու նրան, բուժման ընթացքը հարթ է, հեմոդինամիկ տվյալները ստաբիլ են՝ ամենակարևորը:

Վերջին շաբաթվա սահմանային դեպքերի հետևանքով վիրավորած վեց զինծառայողից երկուսն են գտնվում վերակենդանացման բաժանմունքում, մյուսները տեղափոխվել են հիվանդասենյակներ: Հուլիսի 23-ին վիրավորված ժամկետային Արման Աթեսյանի վիճակը գնահատվում է բավարար:

Սահակ Օհանյան - Աթեսյանը ստացել էր բարդ վիրավորում՝ աղիների վիրավորում, երիկամի: Առաջին վիրահատությունը կատարվել է կայազորային հոսպիտալում, կանգնեցվել է արյունահոսությունը, հեռացվեց երիկամը, կյանքին վտանգի սպառնալիքն այնտեղ ենք վերացրել:

Զինծառայողն այնուհետև տեղափոխվել է կենտրոնական հոսպիտալ: Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի խոսքով՝ կրկնակի վիրահատության խնդիր դեռևս չկա:

Սահակ Օհանյան - Ժամանակ է պետք՝ աղիները վերականգնեն, և ռեկոնստրուկտիվ վիրահատության արդյունքում կվերականգնվի մնացածը:

Հուլիսի 29-ին վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Սարգսյանը շատ բարդ վիրահատության է ենթարկվել: Նա ստացել էր նախաբազկի զույգ ոսկորների բազմաբեկոր գնդակային վիրավորում, ինչի հետևանքով վնասվել էին անոթները:

Սահակ Օհանյան - 6 ժամ վիրահատությունն ընթացել է, մեր մասնագետների կողմից վերականգնվել է անոթների ամբողջականությունը, և արտաօջախային ֆիքսացիայի սարքի միջոցով ֆիքսվում են ոսկորները, վիճակը միջին ծանրության է՝ կապված բարդ վիրահատությունների հետ:

44-օրյա պատերազմի հետևանքով վիրավոր մեկ զինծառայող է դեռևս գտնվում վերակենդանացման բաժանմունքում: Նա քաղաքացիական բուժկենտրոններից մեկում է:

Սահակ Օհանյան - Բոլոր տղաները գտնվում են պետության աջակցության ներքո, ծագող խնդիրների դեպքում արագ արձագանքում են:

Զինված ուժերը ծրագրում է հզորացնել կայազորային հոսպիտալները: 44-օրյա պատերազմը ստիպեց արագացնել 2019-ին մեկնարկած ծրագրի իրականացումը:

Սահակ Օհանյան - Բոլոր միջնաժամկետ ծախսային ծրագրերն այնպես են կազմված, որ ըստ կարևորության որոշում ենք՝ որ ուղղությունն է կարևոր զարգացնել, ջանքերն ուղղում այդտեղ:

Պատերազմում վիրավոր ոչ բոլոր վիրավորներն են վաղաժամ զորացրվել. բուժծառայության հիմնական խնդիրն ու առաքելությունը, ըստ գնդապետ Սահակյանի, վիրավորներին պատշաճ բուժօգնության ցուցաբերելն է, զինծառայողին շարք վերադարձնելը:

Վստահեցնում է՝ շատերը արդեն ապաքինվել ու անցել են զինծառայության:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում