Հայկ Հարությունյան. մեկ ժամ գիտնականի հետ

ՎՎահե Դավթյան

Նանոֆիզիկան կիրառական տիրույթ տեղափոխելու փնտրտուքը Հայկին հասցրեց Իտալիա, հետո՝ Միացյալ Նահանգներ: Արդեն 15 տարի Էմորիի համալսարանի պրոֆեսորն իր գիտական խմբով հետազոտում է նանոֆոտոնիկայի հնարավորությունները:

Հայաստանը պետք է առավել տեսանելի դարձնել աշխարհին նաև գիտական նվաճումներով: Հենց այս միտքն էլ Հայկին բերել է Երևան՝ տեղի գիտնականներին ներկայացնելու նանոֆիզիկայի վերջին հաջողությունները: Այս ուղղությունն ուսումնասիրում է լույսի փոխազդեցությունը նանոմասշտաբ նյութի հետ: Երբ լույսը փոխազդում է ցածրաչափ համակարգերի հետ, կարող են առաջանալ օպտիկական նոր երևույթներ:

Պրոֆեսորն իր խմբով պետք է սահմանի՝ ինչպես են նյութերի ձևը, կազմն ազդում ժամանակային, տարածական տիրույթներում էլեկտրամագնիսական երևույթների վրա: Հնարավոր է նպաստել տեղեկատվության ավելի արագ մշակման, արագ սարքերի ստեղծման, առողջապահական, ռազմարդյունաբերական ոլորտների արդիականացմանը:

Սփյուռքում հաջողությունների հասած գիտնականներին պետք է աջակցել, որպեսզի գան և Հայաստանում ևս նպաստեն գիտական առաջընթացին: Գաղափարն իրագործելու համար «Գիտուժ» նախաձեռնությունը պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ տարբեր ոլորտի գիտնականների հետ՝ «Մեկ ժամ գիտնականի հետ» խորագրով: Սա նաև միջոց է առաջարկելու դրսի գիտնականներին վերադառնալ և աշխատել հայրենիքում:

Մի քանի շաբաթ պրոֆեսոր Հայկը տեղի գիտնականներին կներկայացնի վերջին տարիների ֆիզիկայի նորարար ձեռքբերումները: Ատլանտայում աշխատելու ժամանակ ևս ֆիզիկոսը պարբերաբար հայ գործընկերներին է փոխանցում գիտական բացահայտումները՝ նոր տվյալներից հետ չլինելու համար: Պնդում է՝ հատկապես ֆիզիկայի բնագավառում Հայաստանը դեռ խորհրդային տարիներից ունի հարուստ ժառանգություն, պետք է զարգացնել:

Սեփական փորձը շեշտելով՝ Հայկը վստահ է, որ գիտական հաջողությունների համար պետք է երիտասարդ գիտնականներին հնարավորության տալ՝ թեկուզ կարճաժամկետ, լինել միջազգային հեղինակավոր կենտրոններում, զինվել նոր կիրառական գործիքներով և Հայաստան բերել գիտական առաջընթացի նոր ռազմավարություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում