ԱԱրման Գալոյան

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն հյուրընկալվել է խորհրդարանում

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն հյուրընկալվել է խորհրդարանում

Հուլիսի 20-ին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանդիպեցին Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյի հետ:

Ողջունելով հյուրին՝ հայ խորհրդարանականները շնորհակալություն հայտնեցին ֆրանսիացի բարեկամներին տարբեր նախաձեռնություններում մշտապես Հայաստանին աջակցելու համար:

Հանդիպման ընթացքում ԱԺ պատգամավորները ներկայացրին իրավիճակը տարածաշրջանում՝ այն գնահատելով լարված: «Վերջին ամիսներին մենք ականատես ենք լինում Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող ծայրահեղ ագրեսիվ հայտարարությունների և գործողությունների: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահն արդեն մի քանի անգամ հրապարակայնորեն հանդես է եկել ՀՀ տարածքների հանդեպ նկրտումներով»,-ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը: Նշվեց, որ մի քանի օր առաջ Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանցիները սկսել են կրակահերթեր արձակել հայկական զորամիավորումների ուղղությամբ, ինչի հետևանքով ունենք զոհ ու վիրավոր:

Այս համատեքստում կարևորվեց միջազգային հանրության  ճնշումը Ադրբեջանի վրա՝ խուսափելու հետագա զարգացումներից:

Նատալի Լուազոն մտահոգություն հայտնեց Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա էսկալացիայի, բոլոր հայ ռազմագերիների վերադարձման, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության ներքո անցած Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցի վերաբերյալ:

«Այսօր յուրաքանչյուր, նույնիսկ ամենափոքրիկ ֆրանսիացին գիտի՝ ինչ է Հայոց ցեղասպանությունը: Յուրաքանչյուր ֆրանսիացի գիտի՝ որքան է տառապել հայ ազգը նախկինում և սգում է այսօրվա կորուստները: Ֆրանսիան յուրահատուկ դերակատարություն ունի Եվրոպայում, այն է՝ ներկայացնել եվրոպացի գործընկերներին իրական մարտահրավերները, որոնց առջև այսօր կանգնած է Հայաստանը»,-նշեց Լուազոն:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Անդրադառնալով Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին՝ հայ խորհրդարանակնները կարևորեցին եվրոպացի գործընկերների աջակցությունը: Նշվեց, որ բարեփոխումների լիարժեք իրականացումը հնարավոր կդառնա միմիայն տարածաշրջանում կայունություն ապահովելու պարագայում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում