Արցախի Մաճկալաշենում թռչնաֆաբրիկա կկառուցվի. ծրագրի արժեքը 271 մլն դրամ է

ՆՆարեկ Սահակյան

Արցախի Մաճկալաշեն գյուղում թռչնաֆաբրիկա կկառուցվի, որտեղ 50 ընտանիք 300-ական հավ կպահի: Ծրագիրը կիրագործվի կառավարության ֆինանսավորմամբ՝ մասնավոր ընկերության հետ գործակցությամբ: Վերջինս գյուղացիներին խորհրդատվություն կտրամադրի, կգնի ձուն և կիրացնի արտերկրում:

Նորայր Մուսայելյան (Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ) - Ընդհանուր ծրագրի արժեքը կազմում է 271 մլն դրամ, որից 52 մլն 500 հազար դրամը թռչունների ձեռքբերումն է, իսկ մնացածն արդեն շինարարական, նախագծանախահաշվային աշխատանքների հետ կապված գումարներն են և շինարարական աշխատանքները:

Թռչնաֆաբրիկայի շինարարությունը կսկսվի հաջորդ շաբաթ: Ստորագրված քառակողմ պայմանագրով Էկոնոմիկայի և գյուղատնտեսության, աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունները, Մաճկալաշեն համայնքն ու «Նավասարդ ագրո» ընկերությունը հստակեցրել են անելիքը:

Արմինե Մելքոնյան (ընկերության գործադիր տնօրեն) - Մերը հիմնականում անասնաբուժական ծառայությունն է, գյուղացիների և աշխատանքի վերահսկողությունը և արդեն ապրանքի իրացումը:

Ավանդական թռչնաբուծություն՝ արդի տեխնոլոգիաներով: Մոդելային կառուցվածքով ծրագիրը նորույթ է Արցախում: Սահմանային գյուղում ներդրումային ծրագիրը ողջունել է նախագահ Արայիկ Հարությունյանն ու նշել՝ Արցախի տնտեսության զարգացման հեռանկարում թռչնաբուծությանը մեծ տեղ են հատկացնելու:

Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Մեր նպատակն է, որ ղարաբաղյան ավանդական, ինչպես ընդունված է ասել՝ տնական հավը և ձուն պետք է դուրս գան շուկա, առաջին հերթին՝ ՀՀ և, հնարավորության դեպքում՝ նաև այլ երկրներ, հատկապես ՌԴ:

Թռչնաբուծարանի շինարարությունը կտևի 3 ամիս: 15 հազար թռչուն կպահեն մաճկալաշենցիները: Յուրաքանչյուր ընտանիքի առանձին հավաբուն կհատկացվի:

Արմինե Մելքոնյան - Ամենաբարձր ձվատվությամբ Լոման բրաուն ցեղատեսակի հավն է ներկրվում Արցախ, և 300 հավի դեպքում 260 ձու օրական գյուղացին պետք է վաճառի մեզ: Գյուղացուց պահանջվում է պատասխանատվություն աշխատանքի նկատմամբ, որովհետև այս ցեղատեսակի հավերի համար կարևոր է, օրինակ՝ պատշաճ ժամին կերամիավորման բաշխումը:

Մեկ ընտանիքի հաշվով ամսական մոտ 150 հազար դրամ եկամուտ է ակնկալվում: Սահմանային գյուղի համար սա փոքր գումար չէ, ասում է Մաճկալաշեն համայնքի ղեկավարը: 50 մարդ մշտական աշխատանք կունենա, հատկապես երբ գյուղի արոտների և դաշտերի զգալի մասն օկուպացված է:

Լեռնիկ Ավանեսյան (Արցախի Մաճկալաշեն համայնքի ղեկավար) - Այն ժամանակ, երբ մոտ 400 հեկտար ցանքս էինք անում, հիմա արել ենք 68-70: Կեսից ավելին՝ մոտ 60 տոկոսը, մնացել է վերահսկողության տակ Ադրբեջանի, ուստիև նման ծրագրերը շատ ուրախալի են, մարդիկ զբաղվելու են:

Բարեգործական ծրագրով Մաճկալաշենում շուտով տնամերձ ջերմոցներ կկառուցեն:

Հայտերն ընդունված են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում