Նոր կարգ՝ Հայաստանում պատվաստվել ցանկացող օտարերկրացիների համար

ԱԱրթուր Խաչատրյան

Հայաստանում պատվաստվելու համար օտարերկրացիներն այսօրվանից պետք է առնվազն 10 օր մեր երկրում գտնվեն: Միայն այդ դեպքում նրանք կկարողանան օգտվել անհրաժեշտ դեղաքանակից: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշում է՝ որոշումը կայացվել է առկա և մատակարարվող պատվաստանյութերի քանակը կառավարելու համար:

Անահիտ Ավանեսյան  (ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար) - Երբ  կունենանք նոր մատակարարումներ, կարող ենք վերանայել այս պայմանները: Երկրորդը ստանալու համար գործում է նույն 10-օրյա պայմանը:

Պատվաստումը մեր երկրում, այդ թվում՝ մյուս երկրների քաղաքացիների համար անվճար է: Որոշումն ունի նաև տնտեսական բաղկացուցիչ, բացատրում է Ավանեսյանը:

Անահիտ Ավանեսյան - Կառավարությունը նժարի վրա պետք է դնի, թե արդյոք մի փոքր վճարը պատվաստման դիմաց և այն, որ քաղաքացիները գալիս են Հայաստան, ծախսում են գումարներ, և Հայաստանի վարկանիշը ինչպես է բարձրանում: Կարծում եմ՝ խելամիտ որոշում կկայացվի, եթե հոսքերը ավելանան, և դրանք մենք չկարողանանք կառավարել:

Կորոնավիրուսի դեմ պատվաստման համար օտարերկրացիների հերթը կանոնակարգելու համար գործարկվելու է հերթագրման ավտոմատացված համակարգ: Համացանցում այժմ տարածվում են լուսանկարներ և տեսանյութեր, թե ինչ պայմաններում են այլ երկրների քաղաքացիները սպասում պատվաստվելու իրենց հերթին և նույնիսկ գիշերում Հյուսիսային պողոտայում:

Անահիտ Ավանեսյան - Այսօրվանից աշխատանքներ են տանում, որպեսզի գործարկվի հերթագրման ավտոմատ համակարգ, և մեր հյուրերը հերթագրվեն, իրենց համարով մոտենան, ստիպված չլինեն ամբողջ օրը սպասել Հյուսիսային պողոտայում:

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը նաև տեղեկացրեց՝ այս պահին պատվաստվել է մոտ 110 հազար Հայաստանի քաղաքացի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում