Երկրի անվտանգությունից բխող փոփոխությո՞ւն, թե՞ խոսքի ազատության սահմանափակում. ԲՏԱՆ նոր նախագիծը

ՆՆարե Թադևոսյան

ԲՏԱՆ ներկայացրած նախագծի վերաբերյալ մտահոգություններ են հայտնել լրագրողական կազմակերպությունները: Նախարարությունն առաջարկում է արգելափակել պետական աշխատակիցների թռիչքների վերաբերյալ հաշվետվությունը և մեկ անձից կատարվող գնումների հաշվետվությունների որոշ տվյալներ: Բացատրությունն է. Անդրկովկասում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով՝ տեղեկությունը կարող է սպառնալ Հայաստանի ազգային անվտանգությանը: Այդ նախագծի շուրջ քննարկմանը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշում է՝ իր դիտարկմամբ՝ Ազգային անվտանգության խնդիրներն այս ենթատեքստում այդքան էլ սուր չեն:

Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ - Մեծ հաշվով՝ այդ չվերթերը, ծախսերը կարելի է այնպես ներկայացնել, որ և՛ հասարակությունը, և՛ ԶԼՄ-ները պատկերացում կազմեն, դրա մասին հրապարակումներ անեն, բայց դա վնաս չհասցնի Ազգային անվտանգության տեսանկյունից:

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրենն իրենց ուսումնասիրությունների արդյունքներն է ներկայացնում՝ ոչ մրցակցային գնումները հատկապես ավելացան 2020 թ., 2021-ին ևս շարունակվում են:

Արմենուհի Բուռնազյան, «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն - 2021 թ. ոչ մրցակցային գնումները կազմել են ընդհանուրի 57 տոկոսը: Այստեղ մեծ մասը կազմում են 1 անձից գնումները, որոնք ունեն բացառիկ իրավունք, խոսքը կոմունալ ծառայությունների մասին է:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից ներկայացուցիչ քննարկմանը չէր մասնակցում՝ անվտանգությանը վերաբերող հարցեր կան և փակագծեր բացել չեն կարող: Նույն պատասխանը փոխանցեցին մեզ՝ մանրամասնելով՝ նման նախագիծ ներկայացնելն անհրաժեշտ էր. պատճառը վերջին շրջանում ստեղծված իրավիճակն է:

Վահե Սարգսյան, ԲՏԱ նախարարության իրավաբանական վարչության պետի պարտականությունները կատարող - Խնդիրն առաջացավ պատերազմից հետո, երբ իրականացվեցին մի շարք անվտանգային ուսումնասիրություններ և, հաշվի առնելով, որ խնդրի լուծումը հրատապ և կարևոր է, որոշվեց լուծում տալ տվյալ տարբերակով:

Աարգսյանն ավելացնում է՝ տվյալ նախագիծը ոչ թե տեղեկության սահմանափակում է ենթադրում, այլ ինֆորմացիայի ստացման ձևաչափի փոփոխություն, շեշտում՝ տեղեկությունը ցանկացողներին կտրամադրվի հարցմամբ, եթե դրա հանրայնացումը չվտանգի երկրի ավնտանգությունը: Ի դեպ, առաջիկայում նաև նախարարությունն էլ է թեմայի վերաբերյալ քննարկում նախատեսում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում