Էջմիածնի դեղատներից մեկում հոգեներգործուն հաբեր են վաճառվել

ԱԱրման Գալոյան

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության ու ԱԳԸԲԿ բաժանմունքների ծառայողները «Նելեգալ-2021» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ձեռնարկել են տարաբնույթ հետախուզական միջոցառումներ։

Արդյունքում հուլիսի 9-ին տեղեկություն են ստացել, որ Էջմիածնում բնակվող և անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվող 40-ամյա մի կին Էջմիածնի Բաղրամյան փողոցի դեղատներից մեկում տարբեր անձանց վաճառում է «Լիրիկա» հոգեներգործուն հաբեր։ Տեղեկությունը ստանալու օրը հայտնաբերվեց ու բաժին բերման ենթարկվեց գնորդներից մեկը։ Արմավիրի մարզի Դողս գյուղում բնակվող 46-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց «Լիրիկա» գրառմամբ 9 հաբ։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Այնուհետև քրեական հետախույզները հայտնաբերեցին ու բաժին բերման ենթարկեցին 40-ամյա կնոջը։

Շուտով պարզվեց, որ նա 8 հաբ էլ վաճառել էր մեկ այլ տղամարդու։ Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, դեղատունը խուզարկվեց։ Հայտնաբերվեց «Լիրիկա» գրառմամբ 94 հաբ, որոնք առգրավվեցին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց նաև, որ դեղատան տնօրենը հաբերը ձեռք էր բերել Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում բնակվող 49-ամյա մի կնոջից, որը նույնպես հայտնաբերվեց ու տվեց խոստովանական ցուցմունք։

Նշանակվել են փորձաքննություններ։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում