Պարեկային ծառայության արդյունքը պետք է լինի նոր որակի իրավակարգի հաստատումը. Փաշինյան

ՀՀայկարամ Նահապետյան

Մայրաքաղաքում իր աշխատանքը սկսած նոր պարեկային ծառայության արդյունքը պետք է լինի նոր որակի իրավակարգի հաստատումը: Ծառայության անձնակազմի հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կառավարությանը տվել է ՀՀ-ում իրավունքի և օրենքի դիկտատուրա հաստատելու մանդատ, և ՀՀ քաղաքացիները ՊՊԾ-ի արդյունքում պետք է իրավակարգի, կարգ ու կանոնի նոր որակ տեսնեն մայրաքաղաք Երևանի փողոցներում: Ահա այս կարևոր առաքելությունն է, որ դուք պետք է իրականացնեք, բայց մենք պետք է արձանագրենք, որ այն հաստատվում է ոչ միայն պատիժներով, ոչ միայն սանկցիաներով, այլև քաղաքացիներին օգնելով, որպեսզի նրանք տեղավորվեն և ճիշտ գործեն տվյալ իրավիճակում՝ օրենքի և իրավունքի տրամաբանության մեջ:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է՝ քաղաքացին, պարեկային ծառայությանը պետք է համարի իրեն աջակցող, ոչ թե խոչընդոտներ ստեղծող ուժ:

Նիկոլ Փաշինյան - Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է տեսնի և արձանագրի, որ օրենքն ու իրավունքը, պետության ուժը, ժողովրդի իշխանության ուժը, վճռականությունն ու հետևողականությունն այն հենքն են, որի վրա կանգնած է մեր պետությունը, որի վրա կանգնած է մեր իրավակարգը և, որի վրա հենվում է քաղաքացիների հարաբերությունները միմյանց ու պետության հետ:

Պարեկային ծառայության կազմում, ինչպես երբևէ ոստիկանությունում չաշխատած, այնպես էլ ծառայության երկարամյա փորձ ունեցող մասնագետներ են: Նիկոլ Փաշինյանն այս համադրությունը դրական է որակում:

Նիկոլ Փաշինյան - Փորձի և թարմության այս խառնուրդը պետք է նոր որակ բերի մեր ոստիկանությանը, ՀՀ-ում իրավակարգին, օրինականությանը, կարգ ու կանոնին մայրաքաղաք Երևանի փողոցներում: Մենք, իհարկե, այս գործընթացը շարունակելու ենք և պարեկային ոստիկանությունը պետք է տարածվի մեր հանրապետության բոլոր մարզերով, բոլոր քաղաքներով, գյուղերով, բնակավայրերով և պետք է նոր որակի հարաբերություններ ստեղծվեն ոստիկանության և քաղաքացիների միջև:

Վարչապետի պաշտոնակատարը ոստիկանապետ Վահե Ղազարյանի ուղեկցությամբ ծանոթացել է ծառայության նոր ավտոմեքենաների հագեցվածությանը, որոնք համալրված են տեխնիկական ու հատուկ ժամանակակից միջոցներով: Հուլիսի 7-ից Երևանում իր աշխատանքը սկսած պարեկային ծառայության 700 ծառայող իրականացնելու է Ճանապարհային ոստիկանության և Պարեկապահակետային ծառայության պարտականությունները: 2022 թվականից Պարեկային ծառայությունը կգործի նաև Հայաստանի բոլոր մարզերում:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում