Հայկական մոտ 100 գյուղ պայքարում է լավագույնի կոչման համար. ՄԱԿ-ի նոր ծրագիրը

ԳԳոհար Սարգսյան

Թե որոնք կլինեն «Լավագույն զբոսաշրջային գյուղ» նախագծի հայաստանյան թեկնածուները, պարզ կլինի մինչև ամսվա վերջ: Ընտրության համար Զբոսաշրջության կոմիտեն հայտերի հավաքագրման գործընթացն արդեն ավարտել է, այժմ դրանց ուսումնասիրման փուլն է:

Սոնա Հովհաննիսյան (Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ) -  Ֆեյսբուքի էջով էինք հայտարարություն դրել, ստացել ենք 75 առաջարկ, կային կրկնություններ, արդյունքում՝ հիմա ունենք 63 առաջարկ: Մարզպետներին էլ ենք ուղարկել, դեռ պատասխանները չենք ստացել:

Պահանջները խիստ են, միջազգային հանձնաժողովի անդամների անունները չեն հրապարակվելու:

Սոնա Հովհաննիսյան - Առաջին գործոնը՝ բնակիչները 15000-ը չպիտի գերազանցեն, հաջորդը՝ գյուղին բնորոշ որոշակի գործունեություն զարգացած լինի, և ունենա որոշակի ավանդույթներ ու նպաստի դրանց պահպանմանը:

Այս պահին դիմումներն ամենաշատը Լոռու, ապա Վայոց ձորի ու Գեղարքունիքի մարզերից են: Թեկնածու գյուղերի անունները ներկայացվելու են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությանը՝ ծրագիրը երեք բաղադրիչ ունի:

Սոնա Հովհաննիսյան - Առաջին բաղադրիչով պիտակի շնորհումն է, դրա նպատակն է տարբերել այն գյուղերը, որոնք իրենց գործունեությամբ պահպանում են ավանդույթներ:

Տարբերանշանի պահանջները չբավարարող որոշ գյուղերի դեպքում կիրառելի կլինի երկրորդ բաղադրիչը՝ արդիականացման:

Սոնա Հովհաննիսյան - Որոշ գյուղեր որ բացեր են ունեցել, աշխատանքներ են տանելու, այդ բացերը փակեն, որ հաջորդ տարի էլի դիմեն պիտակի համար:

Իսկ երրորդ բաղադրիչով ստեղծվելու է հատուկ ցանց՝ աշխարհի տարբեր անկյունների գյուղերի հաղորդակցման համար: Լավագույնները հայտնի կդառնան հոկտեմբերին: Ի դեպ, ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները կարող են մասնակցել ծրագրին: 159 երկիր կարող է միանալ մի նպատակի՝ գյուղն ավելի ճանաչելի ու կենսունակ դարձնել:

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն խոստովանում է՝ ամենադժվարը երեք թեկնածու առանձնացնելն է: Մյուս գյուղերն էլ հնարավորություն կունենան մասնակցելու, ծրագիրը կդառնա շարունակական: Սա մրցակցություն է ու զարգանալու խթան:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում