ԵՄ-ն պատրաստվում է 5 տարում 1.5 մլրդ եվրո ներդնել Հայաստանում. ուշադրության կենտրոնում է Սյունիքը

ՍՍոնա Աղբալյան

Եվրամիությունը պատրաստվում է առաջիկա 5 տարում 1.5 մլրդ եվրոյից ավելի գումար հատկացնել Հայաստանին՝ հինգ առանցքային ծրագրի, այդ թվում` Սյունիքի մարզի զարգացման համար: Փաստաթուղթը ներկայացվել է Բրյուսելում` առանձնացնելով այն նախաձեռնությունները, որոնք Եվրոպական հանձնաժողովը մտադիր է իրականացնել մինչև 2025 թվականը «Արևելյան գործընկերության» անդամ երկրներում: Հայաստանի մասով Եվրոպական հանձնաժողովը ծրագրում է.

1. Աջակցել 30.000 փոքր ու միջին բիզնեսներին` կայուն, նորարար և մրցունակ տնտեսության համար,
2. Խթանել սոցիալ-տնտեսական զարգացումը և հաղորդակցությունը` աջակցելով «Հյուսիս-հարավ» միջանցքին,
3. Ներդրումներ տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության ու տեխնիկայի ոլորտներում,
4. Ամրապնդել հարավային շրջանների դիմադրողականությունը,
5. Ներդրումներ կանաչ Երևանի համար` էներգիայի արդյունավետ օգտագործման և բնությանն ավելի քիչ վնաս հասցնող ավտոբուսների գործարկման ուղղությամբ:

Ուղենշային առաջին ծրագրով նախատեսվում է 500 մլն եվրոյի աջակցություն տրամադրել փոքր ու միջին բիզնեսի 30.000 ներկայացուցչի: «Համաճարակից հետո տնտեսության վերականգնումը Հայաստանի համար գերակա առաջնահերթություն է»,- փաստում է Եվրոպական հանձնաժողովը, արձանագրելով` այս հարցում օգնելով հայաստանցի գործարարներին` Եվրամիությունը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, բիզնեսի զարգացմանն ու արդիականացմանը, երկարաժամկետ կտրվածքով էլ` Հայաստանի կայուն սոցիալ-տնտեսական վերականգմանը: Այս առումով, ըստ փաստաթղթի, առաջնահերթությունը տրվելու է այն ձեռներեցներին, որոնք աշխատում են բնությունը պահպանող տեխնոլոգիաներով, հատկապես մարզերում, նաև այն բիզնեսներին, որոնք առաջնորդում են կանայք:

Երկրորդ ծրագիրը նախատեսում է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը և հաղորդակցությանը՝ ընդգծելով, որ Հայաստանի ազգային օրակարգի առաջնահերթություններից է Հյուսիս-հարավ միջանցքի շահագործումը, որը հնարավորություն կտա ապահովելու ելք դեպի միջազգային առևտրային ուղիներ և շուկաներ:

Տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավումը հնարավորություն կտա սերտացնելու կապը մարզերի միջև, նաև Հայաստանի կապը հարևան երկրների և Եվրամիության հետ: Այս ուղղությամբ Եվրամիության ներդրումը կկենտրոնանա Հյուսիս-հարավ մայրուղու դեռևս չկառուցված հատվածների, այդ թվում` Սիսիան-Քաջարան ճանապարհի վրա:

Այս ծրագրի իրագործման համար նախատեսվում է հատկացնել 600 մլն եվրո, որը կտրամադրվի նաև հարավում նախատեսված նոր` Սիսիան-Քաջարան թունելի կառուցմանը: Ուղենշային երրորդ ծրագիրը նախատեսում է աջակցություն նորարարական տեխնոլոգիաներին ու գիտությանը:

Հայաստանը հզոր տեղեկատվական ներուժ ունի, ոլորտը վերջին տարիներին մոտ 20 տոկոս աճ էր արձանագրում, սակայն դրա ողջ կարողությունը բացահայտելու համար հարկավոր է հավելյալ աջակցություն: ԵՄ-ն նախկինում աջակցել է էլեկտրոնային կառավարմանը, սակայն հիմա նոր ներդրումներ են անհրաժեշտ` ընդարձակելու այդ ծառայությունները նաև մարզային ու տեղական մակարդակներում: Ընդհանուր առմամբ, այս նպատակով նախատեսվում է մինչև 300 միլիոն եվրոյի ներդրում:

Չորրորդ ուղղությունը նախատեսում է աջակցել Հայաստանի հարավային շրջանների դիմադրողականության ամրապնդմանը. խոսքը հատկապես Սյունիքի մասին է: Առաջնային ոլորտները կարող են լինել բնակարանաշինությունը, ենթակառուցվածքները, տուրիզմը, գյուղատնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը, էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրներն ու աջակցությունը տեղի փոքր ու միջին բիզնեսին:

Վերջին` հինգերորդ ուղղությունը վերաբերում է մայրաքաղաքին, մասնավորապես, կանաչ Երևանին: Խելացի քաղաք դառնալու համար, ըստ Եվրահանձնաժողովի, պետք են այսպես կոչված կանաչ ավտոբուսներ: Փաստաթուղթը միաժամանակ ընդգծում է` երբ հնարավորություն ստեղծվի, Եվրամիությունը պատրաստ է նաև աջակցելու Հարավային Կովկասի հետպատերազմյան վերականգնմանը և հակամարտության վերափոխմանը, այդ թվում` պատերազմից տուժած տարածքների ականազերծմանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, խաղաղության հաստատմանն ու հաշտեցմանը:

Հայաստանից բացի, Եվրոպական հանձնաժողովը նույնատիպ ծրագրեր է առանձնացրել նաև «Արևելյան գործընկերության» անդամ մյուս երկրների` Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար:

Ակնկալվում է, որ այս ծրագրերը կքննարկվեն առաջիկա դեկտեմբերին` Եվրամիության 27 երկրի առաջնորդների և «Արևելյան գործընկերության» անդամների համատեղ գագաթնաժողովում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում