Հյուսիս-հարավի կապալառու կազմակերպությունն Անի համայնքին է հանձնել ավելի քան 960 ծառ ու թուփ

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում կապալառու կազմակերպությունը՝ «Սինոհիդրո քորփորեյշն» ընկերությունը, Անի համայնքին է հանձնել մոտ 3 տարի առաջ համայնքի վարչական տարածքում՝ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում, տնկած ավելի քան 960 ծառ ու թուփ։
Համաձայն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության մեղմացուցիչ միջոցառումների` պահանջվում է ճանապարհի շինարարության ընթացքում հատված յուրաքանչյուր ծառի փոխարեն տնկել 10-ը։ 2017 թվականին ճանապարհաշինությանը խոչընդոտող 120 ծառերն ու թփերը կտրելուց հետո կապալառուն վերատնկել է 1200 ծառ և թուփ՝ 1:10 հարաբերակցությամբ, ինչի արդյունքում պետք է ապահովվեր նվազագույնը 80% կպչողականություն:
Ծառատունկն իրականացրել է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, և նշված հիմնադրամը ծառատունկից հետո 3 տարի շարունակ, «Սինոհիդրո քորփորեյշն» ընկերության հետ կնքված պայմանագրի պահանջներին համապատասխան, իրականացրել է տնկիների խնամք։
Տրանշ-3-ի շինարարության տեխհսկողությունն իրականացնող «Այ-Ար-Դի ինջինեիրինգ» ընկերության բնապահպանության և սոցիալական ազդեցության մասնագետ Էդիտա Վարդգեսյանը նշեց, որ տնկվել են հիմնականում թխկի, հացենի, դեկորատիվ այլ ծառատեսակներ։
Տնկիներն ընտրելիս հաշվի են առնվել տարածաշրջանի բնակլիմայական պայմանները։ Համայնքը պարտավորվել է իրականացնել ծառերի հետագա խնամքը և պահպանությունը։
Ծառատնկման համար նախատեսված տարածքը տրամադրվել էր համայնքի կողմից։









