ԳԳոհար Սիմոնյան

Դևիսի գավաթ. Հայաստանի տղամարդկանց հավաքականը բարելավել է դիրքերը

Դևիսի գավաթ. Հայաստանի տղամարդկանց հավաքականը բարելավել է դիրքերը

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվել է Դևիսի գավաթի խաղարկության եվրոպական գոտու չորրորդ ենթախմբի մրցումը, որին մասնակցել է նաև Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը: Մեր ընտրանին (կազմը՝ Միքայել Ավետիսյան, Սեդրակ Խաչատրյան, Հենրիկ Նիկողոսյան, Նադիր Սարգսյան, մարզիչ՝ Վահե Ավետիսյան) Չեռնոգորիայի, Ադրբեջանի և Ալբանիայի հավաքականների հետ պայքարում A խմբում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և հնարավորություն ստացել արդեն 2022 թվականին հանդես գալու Դևիսի գավաթի երրորդ ենթախմբի մրցմանը: Ալբանիայի և Ադրբեջանի հետ հանդիպումներում Հայաստանի հավաքականը նույն՝ 2-1 հաշվով հաղթանակ է տոնել, իսկ վերջին տուրում զիջել է Չեռնոգորիային:

Դևիսի գավաթի երրորդ ենթախումբ են դուրս եկել խմբերում 1-2-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը:

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանի խոսքով՝ չորրորդից երրորդ ենթախումբ անցումը մեծ հաջողություն է, որը վկայում է վերջին տարիներին մարզաձևի զարգացման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքի մասին.

«Նախքան Մակեդոնիա մեկնելը չգիտեինք, թե որ հավաքականների հետ ենք մրցելու. վիճակահանությունը տեղում եղավ, և մենք ընդգրկվեցինք բավականին հետաքրքիր խմբում: Ի ուրախություն բոլորիս՝ Ալբանիայի և Ադրբեջանի հետ խաղերում տղաները հաղթեցին, ինչն ապահովեց խմբում երկրորդ հորիզոնականը և երրորդ ենթախումբ անցումը: Այս հաջողությունը փաստում է, որ Հայաստանում թենիսը զարգացում է ապրում: Մենք աստիճանաբար ավելացնում ենք միջազգային մրցաշարերին մասնակցությունը և դրանց անցկացումը, ինչը չի կարող անհետևանք մնալ»:

Հավելենք, որ այժմ ընթացքի մեջ է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը, հուլիս-օգոստոս ամիսներին նախատեսված է մասնակցություն միջազգային պատանեկան մրցաշարերի, իսկ աշնանը կկայանա Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում