Ծիծեռնակաբերդի անտառային գոտու՝ շուրջ 8.5 հեկտար տարածքում, մեկնարկել են կանաչապատման աշխատանքներ:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից տեղեկացնում են, որ սկսվել է անտառ-պուրակի հիմնումը: Մոտ 5.5 հա վրա ընթանում են հողային, նախապատրաստական աշխատանքներ, որոնք կտևեն 3-4 ամիս:
Կանաչապատման մասնագետները նաև մշակում են տարածքի լանդշաֆտային նախագիծը: Անտառ-պուրակի հիմքում կլինի բազմաշերտ կանաչապատում՝ մշտադալար ծառերով ու թփերով: Դեռ անցյալ տարի ոռոգման նոր համակարգ է անցկացվել: Աշնանը, երբ տարածքը ամբողջությամբ մաքրված ու պատրաստ լինի, կիրականացվի ծառատունկ:
Անտառային գոտու կանաչապատ մասը նույնպես կբարեկարգվի: Արժեքավոր ծառատեսակները կպահպանվեն, չորացած ծառերն ու թփերը կփոխարինվեն, տարածքը ամբողջությամբ կվերականգնվի:
Ծիծեռնակաբերդի այս տարածքը համայնքի սեփականութունն է, և համայնքի ջանքերով այն շուտով կծառայի բնակիչներին՝ որպես հանգստի կանաչ ու հարմարավետ անկյուն՝ ճեմուղիներով, նստարաններով, արտաքին լուսավորությունով:










