«100 տուն Արցախում». ծրագրին միացել է նաև Հանրային հեռուստաընկերությունը

ԱԱնուշ Մուրադյան

Ստեփանակերտից 16 կմ հեռավորությամբ՝ Ասերանի Դահրավ գյուղի հարևանությամբ, նոր բնակավայր է կառուցվելու: «100 տուն» նախաձեռնության մեկնարկը տրվեց այսօր Երևանում: Հանրային հեռուստաընկերությունն ու «Ապրելու Արցախ» հիմնադրամը համախմբվել են մի գաղափարի շուրջ, որը բնակարանով է ապահովելու պատերազմի հետևանքով տեղահանված, տունը կորցրած արցախցիներին: Դատարկ դաշտավայրում ակտիվ շինարարությունը կսկսվի հունիսի վերջից, քարը քարին դնելուց մինչև բանալին հանձնելը կտեսնեն բոլորը՝ Առաջինի եթերում:

Հովհաննես Մովսիսյան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Նախատեսվում է, որ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հաղորդումը մենք արդեն կունենանք, հուսով ենք՝ հուլիսից: Եվ իրական ժամանակում ամեն օր օրագրերի սկզբունքով, և շաբաթվա վերջում արդեն ամփոփիչ կներկայացնենք, թե ինչ է կատարվում այս բնակավայրում, և ինչպես է զրոյից ստեղծվում բնակավայրը:

Նախաձեռնությունն ապաքաղաքական է, և յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ, ֆինանսական օգնությունից զատ նաև տեղում շինաշխատանքներին մասնակցելով՝ ասում է հանրայինի գործադիր տնօրենը: Հովհաննես Մովսիսյանի խոսքով՝ հաղորդման համար՝ Առաջինի նկարահանող թիմն ապրելու է տեղում ու հենց հեռուստաընկերության աշխատողներն էլ կառուցելու են առաջին տունը:

Նոր բնակավայրը կառուցելու համար նախնական հաշվարկով 3 միլիոն դոլար է պետք: Բարեգործներ արդեն կան, հիմնադրամի տնօրենը մյուսներին էլ կոչ է անում իրենց բաժինն ունենալ վերածնվող Արցախում: Հիմա փոխանցումները դեռ բանկային տարբերակով են, իսկ արդեն երկուշաբթիից քարտից նվիրատվություն կատարել հնարավոր կլինի նաև «Ապրելու Արցախ» հիմնադրամի էջի միջոցով: 

Հետպատերազմյան Արցախ վերադառնալու, այնտեղ նորից բնակվելու գլխավոր նախապայմանը գլխին տանիք ունենալն է՝ նկատում է Արցախի կառավարության ոլորտի պատասխանատուն: Աշխատանքի, սոցիալական ու բնակարանային հարցերի նախարարությունը ծրագրին անմիջական մասնակցություն ունի, հենց իրենք են օգնում, գտնում այն մարդկանց, որոնք դառնալու են 0-ից ստեղծվող բնակավայրի տերերը: Նախապատվությունը տրվելու է բազմազավակ ընտանիքներին՝ բացատրում է Մանե Թանդիլյանը: 

Վերջին տվյալներով՝ Ասկերանում ապրել ցանկացող, բազմազավակ ընտանիքներից արդեն 100-ից ավելի դիմում կա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում