Շիկահողցի Սամվել պապը հրավիրում է Սյունիք

ԼԼիլիթ Հարությունյան

Սամվել պապի սիրտը չի տանում. Սյունյաց Շիկահողը ջահելացնել է պետք: Ուղեկցում է իր տուն, ցույց տա, որ սիրենք իր սրտի շեկ հողը:

160 բնակչով 56 ընտանիքում հիմնականում տարեցներ են ապրում: Գյուղում մոտ 25 հա տնամերձ այգի կա, 2000 մետրը Սամվել պապինն է: Մեղուներ է պահում, հիմնական ապրուստն էլ գյուղում վարուցանքն է:

Այսպես էլ ամեն օր հեռադիտակով հետևում է՝ մեկ Շիկահողի՝ սոսու ու հաճարենու պուրակներով արգելոցին, մեկ էլ դիմացի սահմաններին:

Սամվել Աղաբեկյան (Շիկահողի բնակիչ) - Թշնամու սահմանը ստեղից չի էրևում, ծառերը խանգարում են, որ բարձրանաք տանիք, էնտեղից էրևում ա:

Հակառակորդին 2 կմ-ից էլ մոտ, բայց վախը հաղթած է ապրում:

Սամվել Աղաբեկյան - Վախի զգացումը վերացել ա մեզանից:

Այս կողմեր է հասել 90-ականների պատերազմի օրերից:

Սամվել Աղաբեկյան - 92 թվականի ապրիլի 24-ից՝ լենինյան շաբաթօրյակից, Ղազանչիկ գյուղը հենց անցա, եկա, մնացի ստեղ:

Մնացել է, ծառ տնկել, տուն կառուցել, 18 տարի էլ աշխատել է Կապանի զինկոմիսարիատում: Սամվել պապի համար հայրենասիրությունը մեկ կարդալն է:

Սամվել Աղաբեկյան - Նկարեք, գցեք Ֆեյսբուք, ասեք՝ կարդացեք:

Մեկ էլ՝ զենքը. պատերազմից հետո էլ որսորդական զենքից չի բաժանվում:
Ասում է՝ հետո տղային է կտակելու, բայց քանի դեռ ուժը տեղն է, պինդ-պինդ պահում է: Երիտասարդներին էլ գրքեր կարդալու ու զենքին վարժվելու խորհուրդներից բացի, հրավիրում է Սյունիք: Մեր տեսախցիկի համար էլ իր լավ պահպանված 50-ամյա «01»-ով էքսկուրս է անցկացնում, մինչև խոստանանք՝ հյուրերի հետ կվերադառնանք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում