Շոգը մեծացնում է հրդեհների ռիսկը. ԱԻՆ-ը հորդորում է ուշադիր լինել

ՀՀերմինե Բաղդասարյան

Առավոտը չբացված՝ հրշեջներն անցել են գործի։ Երևանում լուսադեմին ռեստորան է այրվել, մարզերում խոտածածկ տարածքներ բռնկվել։ ԱԻՆ-ի քարտեզն ամռան հետ կարմրում է:

Կարինե Հարությունյան, ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ օպերատիվ հերթափոխի ավագ հրահանգիչ, մայոր - Սա Արմավիրի Մյասնիկայն գյուղի գերեզմանի տարածքում է, Նուբարաշենի գերեզմանոցում և դեպի Աշտարակ գնացող ճանապարհին է, սա Վահագնի թաղամասում է: 11 խոտածածկ տարածքի ահազանգ ենք ստացել միայն այսօր, այս պահի դրությամբ:

Որ ջրով մեքենաները չուշանան, ԱԻՆ-ն ու քաղաքապետարանն ապրիլից սկսել են թարմացնել հիդրանտների պարկը։ Երևանում եղած 503 ստորգետնյա լիցքավորիչ-հորանների կեսը, պարզվում է, շարքից դուրս եկած էր։ Տարիներով աշխատանք այս ուղղությամբ չէր արվել․ հիմա 38-ը նորոգման ցանկում է, 53-ը՝ զրոյից կառուցման։

Արսեն Սարոյան, ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ պետի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ - Որոնք վերանոգման կարիք ունեն, նորոգել ենք: Նոր հասցեներում, եթե հիդրանտ չեղավ, շենքը չի կարող շահագործվել:

Ըստ գնդապետ Սարոյանի՝ հրշեջ-մեքենաները, խմբերը, հաշվարկներն ամբողջությամբ համալրված են։ Պիկային սեզոնին ընդառաջ՝ փրկարար ծառայության ղեկավարը հանձնարարել է նաև պատրաստվածության բարձր աստիճանի բերել տեխնիկայի համար դժվար հասանելի տարածքներում օգտագործվող՝ բարձր սարեր ջուր մղող մոտո-պոմպերն ու ձեռքով կիրառվող մյուս գործիքները, հանկարծ եթե անհրաժեշտություն առաջանա այս կամ այն իրավիճակում, նաև բնակչությանը խնդրել միանալ հրդեհաշիջմանը։

Արսեն Սարոյան - Ունենք անհատական շարժական սրսկիչներ, հարվածային գործիքներ, ժողովրդի լեզվով ասած՝ տպտպիկներ անտառային հրդեհների համար, ու այդ ամենը բարձր պատրաստվածության է բերված՝ ցանկացած իրավիճակում արձագանքելու համար:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արձանագրում են․ հրդեհների ռիսկային սեզոնն այս տարի, կարծես, վաղ է սկսվել։ Մայիսին՝ 2020-ի նույն ամսվա համեմատ, 20 տոկոսով ավելի են բնակելի հատվածների, եռակի շատ՝ խոտածածկ գոտիների այրվելու դեպքերը։ Կտրուկ շոգը միանգամից չորացրել է կանաչը՝ դարձրել իսկական կպչան․ կայծ է պակասում՝ կրակ բռնկվի։ Անտառում չմարած խարույկի մնացորդ կամ արևի տակ ապակե շիշ մի թողեք՝ պիկնիկի գնացողներին հորդորում են Արտակարգ իրավիճակներից։

Արսեն Սարոյան - Ծխախոտի մնացորդներն են նետում, կրակ են անում՝ խորոված պատրաստելու համար ու ուտելու ընթացքում մոռանում դա, իսկ թեթև քամին մի մեծ հրդեհ է բռնկում:

Նկարահանումը դեռ չէինք ավարտվել՝ 911-ում ստացան հրդեհի հերթական կանչը՝ հասեք․․․

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում