Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության պետական աջակցության ծրագրերի շարունակականության համար կհատկացվի ևս 100 մլն դրամ

Կառավարության որոշմամբ՝ կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի, այդ թվում՝ միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած՝ բանկեր դիմած, ինչպես նաև երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրումը։
Ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել 832 շահառու, փոխանցված ընդհանուր դրամական միջոցները կազմում են 632.244.676 դրամ, որից 294.985.540 հազար դրամը՝ 2021 թ. 417 շահառուի համար։
Հաշվի առնելով ապրիլի 26-ի դրությամբ ծրագրերի համար դիմողների թիվը, ինչպես նաև նախորդ ամիսներին հաստատված հայտերի հիման վրա կատարված կանխատեսումները, որոնց համաձայն միջինում ամսական աջակցություն է ստանում 100 շահառու, ընդհանուր 70 մլն դրամի չափով, 2021 թ. երկրորդ եռամսյակի համար կպահանջվի ևս 100 մլն դրամ շուրջ 140 (20-ը՝ միանվագ դրամական աջակցության ծրագրով, 30-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով, 90-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով) շահառուի վճարում իրականացնելու համար։ 140 շահառուի աջակցություն տրամադրելու համար Կառավարության որոշմամբ նախատեսվում է հատկացնել 100 մլն դրամ:







