Վարժանքներ՝ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում

ՔՔրիստինե Ոսկանյան

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում արտակարգ իրավիճակ է: Անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը: Մի տեղ մեքենան է հրդեհվել, մեկ այլ տեղ կողաշրջվել, փլատակներից անհրաժեշտ է վիրավորներին տարհանել, բարձրահարկից էլ տուժածին իջեցնել:

Հայ փրկարարները ռուս հրահանգիչների օգնությամբ գործի են անցել: Վիրավորների տարհանման հարցում օգնում է նաև հայկական Կարմիր խաչ ընկերությունը: Ցուցադրական վարժանքներին հետևում են Հայաստանի ու Ռուսաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարարները:

Պավել Գյոզալյան, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հայկական կողմի փոխտնօրեն - Նպատակն է, որ փրկարարները ոչ միայն իրենց գործողությունները հստակեցնեն, այլև համատեղ աշխատելու հմտությունները զարգացնեն:

Ցուցադրական վարժանքներին տեսակապով միացել են նաև քաղպաշտպանության միջազգային կազմակերպության, Ռուսաստանի Դաշնության ազգային կառավարման ու Հայաստանի ճգնաժամային կառավարման կենտրոնների ներկայացուցիչները: Արտակարգ պատահարների տեղանքն ամբողջությամբ փրկարարների տեսադաշտում է: Իրադարձություններին հետևում են օդում թռչող սարքերի օգնությամբ:
Նորագույն տեխնիկա է, ղեկավարը կարողանում է ուղղությունը որոշել և տալ համապատասխան ցուցումներ, որտեղ ինչ բացթողումներ կան:

Կենտրոնն այս տարի նշում է գործունեության 5 տարին: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարարը նկատեց՝ երկու երկրի փրկարարների գործակցությունը կարելի է ստացված համարել:

Նիկոլայ Գրեչուշկին, ՌԴ ԱԻ նախարարի տեղակալ - Հայաստանի փրկարարներն այսօր բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորեցին: Եթե բոլոր ստորաբաժանումներն այսպես են պատրաստված, Հայաստանի բնակչությունը կարող է վստահ լինել, որ փրկարարները միշտ ժամանակին օգնության կհասնեն: Կենտրոնն առաջին մարդասիրական օգնությունը Լեռնային Ղարաբաղին է ցուցաբերել:

Հայ-ռուսական փրկարարական կենտրոնում կան հրդեհաշիջման ու արտակարգ իրավիճակներում օգնության հասնելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները: Գրեչուշկինը նաև տեղեկացրեց՝ տեխնիկայի համալրման ծրագրեր կան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում