Գլխավոր դատախազն ընտրական հանցագործությունների դեմ պայքարում ակնկալում է քաղաքացիների աջակցությունը

ԳԳայանե Թամամյան

Տավուշի մարզը նոր դատախազ ունի: Մարզի իրավապահ կառույցների պատասխանատուներին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց նորանշանակ դատախազին` նշելով, որ Գոռ Ալոյանը նոր մարդ չէ և՛ համակարգում, և՛ մարզային դատախազությունում, ունի բավարար փորձ: 2020-ի սեպտեմբերից Տավուշի մարզի դատախազի տեղակալն էր, իսկ այս տարվա հունվարից` մարզի դատախազի պաշտոնակատարը:

Արթուր Դավթյան, ՀՀ գլխավոր դատախազ - Նախորդ դատախազն իմ հրամանով տեղափոխվել, նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ, և իմ հրամանով մարզի դատախազի պաշտոնակատարը նշանակվել է որպես մարզի դատախազ: Նրա կատարած աշխատանքն ինձ հույս է տվել, որ կկարողանանք մեր խնդիրները մարզում արդյունավետ լուծել:

Այս տարվա ընթացքում մարզում սպանության, ավազակային հարձակման և այլ ծանր հանցագործությունների դեպքեր չեն գրանցվել, նվազել են բնակարանային գողության, ապօրինի ծառահատումների դեպքերը, ինչն, ըստ գլխավոր դատախազի, իրավապահ մարմինների համագործակցված աշխատանքի արդյունքն է: Առավել ջանք ու հետևողականություն է պահանջվելու առաջիկա շաբաթներին:

Հանդիպմանը հատուկ անդրադարձ եղավ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում իրավապահ մարմինների անելիքներին: Արթուր Դավթյանի խոսքով՝ խնդիրը շատ պարզ է ձևակերպված` մենք ենք Հայաստանի հանրապետության քաղաքացու ազատ կամքի արտահայտման երաշխավորը:

Արթուր Դավթյան - Մեր ավելի առարկայական քննարկումները հիմքեր են հույս հայտնելու, որ մարզում իրավապահ մարմինները նախ հստակ ապաքաղաքական զսպվածության դրսևորմամբ իրենց գործունեությունը կիրականացնեն և իրենց պաշտոնական պարտականությունները լիարժեք բարեխիղճ կիրականացնեն, որ յուրաքանչյուր քաղաքացի հանգիստ խղճով կատարի իր ընտրությունը:

Գլխավոր դատախազն ասաց, որ ընտրական հանցագործությունների դեմ պայքարում ակնկալում է քաղաքացիների աջակցությունը:

Արթուր Դավթյան - Իմ կոչը, հորդորը, խնդրանքը մեր քաղաքացիներին, որ հենց իրենք տերն զգան այս իրավիճակի, և հետևողական լինեն. իրենց գյուղում, փողոցում, բակում տեղի ունեցած յուրաքանչյուր դեպքի ժամանակ անպայման ահազանգեն իրավապահ մարմիններին:

Մարզի դատախազության և մյուս իրավապահ կառույցների ռեսուրսները վերահաշվարկել ենք՝ ասաց մարզի նորանշանակ դատախազը: 

Գոռ Ալոյան, Տավուշի մարզի դատախազ - Մեր ուժերը բավարարում են, որ ապահովենք ազատ ու թափանցիկ ընտրություններ, հաստատապես բոլոր գործիքակազմերը իրականացվելու են քաղաքացու իրավունքի ապահովման համար: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում