ԱԱննա Ավետիսյան

Կայացել է Ստոկհոլմի կոնվենցիայի շրջանակներում իրականացված ծրագրի եզրափակիչ աշխատաժողովը

Կայացել է Ստոկհոլմի կոնվենցիայի շրջանակներում իրականացված ծրագրի եզրափակիչ աշխատաժողովը

Տեղի է ունեցել «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի շրջանակներում իրականացված «Օզոնային շերտը քայքայող նյութերի և կայուն օրգանական աղտոտիչների հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագրի» եզրափակիչ աշխատաժողովը։

 
Ծրագիրն իրականացվել է համատեղ Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Հայաստանի Հանրապետությունը ծրագրին մասնակցել է միայն Ստոկհոլմի կոնվենցիայի կարգավորման տակ գտնվող պոլիքլորացված բիֆենիլների (ՊՔԲ-ների) մասով։
 

Հայաստանի Հանրապետությունը 2003 թվականի հոկտեմբերի 22-ին վավերացրել է Ստոկհոլմի կոնվենցիան, որով ստանձնել է մի շարք իրավական, վարչական և բնապահպանական պարտավորություններ։ Կայուն օրգանական աղտոտիչների հիմնախնդիրը ներկայումս խիստ արդիական է, քանի որ դրանք տոքսիկանտներ են, որոնք քիմիական վտանգ են ներկայացնում մարդու առողջության, շրջակա միջավայրի և կենսաբանական ամբողջականության համար:

 
Դրանց մեծամասնությունն օժտված են բարձր թունունակությամբ և պատճառ են հանդիսանում մի շարք լուրջ հիվանդությունների: Կայուն օրգանական աղտոտիչները տարածվում են օդային և ջրային զանգվածների միջոցով մեծ հեռավորությունների վրա, ընդգրկվում են սննդային շղթաների մեջ և կուտակվում մարդու ու կենդանիների օրգանիզմներում:
 
Ծրագրի ընթացքում հաշվառվել, հայտնաբերվել, մակնշվել և անալիզի է ենթարկվել պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող յուղերի 2000 նմուշ՝ դրանց հետագա վնասազերծման կամ ոչնչացման եղանակը որոշելու նպատակով։
 

Աշխատաժողովին մասնակցել են բնապահպանության և ընդերքի, առողջապահական և աշխատանքի, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև էներգետիկ համակարգի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «Հրազդան-5», «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի, «Հրազդանի ջերմաէլեկտրակայան» ԲԲԸ-ի, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի, «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի կազմակերպությունների ներկայացուցիչները։

 
Բացման խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուղերը հիմնականում գտնվում են շահագործվող սարքավորումներում, մեր երկրի համար արդիական է ՊՔԲ-ներից այդ յուղերի էկոլոգիապես անվտանգ վնասազերծումը համապատասխան մասնագիտացված սարքավորման միջոցով՝ դրանց հետագա երկրորդային օգտագործման համար:
 
Կոնվենցիայի կողմ երկրները կարող են Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ ձեռք բերել յուղերի վնասազերծման սարքավորում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում