Մեկնարկել է ուսուցիչների պարտադիր վերապատրաստման գործընթացը

ՔՔրիստինե Ոսկանյան

Երկու տարվա դադարից հետո կրթական գերատեսչությունն սկսում է ուսուցիչների պարտադիր ատեստավորման գործընթացը: Այն դադարեցվել էր կրթության ազգային ինստիտուտի լուծարման պատճառով: Նոր համակարգով՝ փաստաթղթերը լրացվում են կրթական կառավարման տեղեկատվական առցանց հարթակի միջոցով:

Ժաննա Անդրեասյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Այս տարի առաջնահերթ կարգով պարտադիր ատեստավորման գործընթացում ներառվում են այն ուսուցիչները, որոնք պետք է ատեստավորվեին 2019 թվականին: Ունենք ավելի քան 7000 ուսուցիչ, որոնք ենթակա են պարտադիր ատեստավորման:

Կրճատվել է 5 տարին մեկ պարտադիր ատեստավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի քանակը: Այսպես կփորձեն հեռու պահել ուսուցիչներին ավելորդ թղթաբանությունից: Վերանայվել է նաև ատեստավորումից առաջ ուսուցիչների վերապատրաստման կարգը: Այսուհետև դա կիրականացվի երաշխավորված կազմակերպությունների ու դասընթացների միջոցով: Նախարարության բաց հրավերին 49 հայտ է ստացվել: Թե որ կազմակերպությունները, դպրոցներն ու բուհերն են երաշխավորվելու, պարզ կլինի մի քանի օրից:

Ժաննա Անդրեասյան - Այն ուսուցիչները, որոնք ենթակա են պարտադիր ատեստավորման, հնարավորություն կունենան ընտրել կազմակերպություններն այդ ցանկից, ընտրել դասընթացները և, ըստ այդմ, կուտակել կրեդիտներ:

Որպեսզի վերապատրաստումներն արդյունավետ անցնեն, դասընթացներին կհետևի կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնը:

Արտաշես Թորոսյան, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար - Վերահսկողությունն իրականացվելու է նաև տեղում. ուսումնասիրվելու են դասերը՝ արդյունքի տեսքով, զրույցի, հարցազրույցի տեսագրությունների միջոցով, թե ինչ մակարդակի աշխատանք է գնում:

Ուսուցիչներին նաև ինքնուրույն կրեդիտներ կուտակելու հնարավորություն է տրվել: Ովքեր վերջին մեկ տարվա ընթացքում իրենց նախաձեռնությամբ վերապատրաստվել են, կարող են վկայականը ներբեռնել կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ու կրեդիտ կուտակել: Ի դեպ՝ Հայաստանում կամ այլ երկրում վճարովի դասընթաց անցած ուսուցիչներին պետությունը ծախսած գումարը կփոխհատուցի:

Արտաշես Թորոսյան - Վճարովի լինելու դեպքում պետությունը փոխհատուցելու է այն մասով, որքանով նախատեսվում էր մեր երկրում վերապատրաստելու դեպքում: Վերապատրաստման համար անհրաժեշտ կրեդիտները 9-ն են: Եթե որևէ ուսուցիչ կկարողանա առնվազն 9 կրեդիտ հավաքել, կկարողանա ավտոմատ ատեստավորվել:

Ուսուցիչների վերապատրաստման ամբողջ գումարը պետությունը կվճարի: Այն կներառվի դպրոցների տարեկան բյուջեում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում