«Հայ մանուկ» ծրագիրը շարունակում է օգնել անպտուղ զույգերին

Գործունեության 3 տարվա ընթացքում 100 սպասարկված զույգ և 30 ծնունդ: Իհարկե գործունեության առավել ակտիվ տարիները վերջին մեկուկեսն են եղել: 3 տարի առաջ հիմնադրված Հայ ասոցիացիայի հիմնական ծրագիրը «Հայ մանուկն» է, որի նպատակն է խթանել Հայաստանում ծնելիությունը՝ օգնելով անպտուղ զույգերին:
 
Տիգրան Հակոբյան (Հայ ասոցիացիայի հիմնադիր նախագահ) - Գոյություն ունեն չափանիշներ: Նրանք հերթագրվում են մեզ մոտ՝ բավարարելով կարգի պայմաններին: Կարգի գլխավոր պայմաններն են՝ լինել ազգությամբ հայ, կնոջ տարիքը չպետք է գերազանցի 38-ը: Եթե, իհարկե, արդեն գրանցված են, և 38-ը հերթի պատճառով անցել է, դուրս չի մնում հերթից:
 
Նաև բժիշկների կողմից վստահություն պետք է լինի, որ կնոջ մոտ հղիանալու հավանականությունը 25 տոկոսից բարձր է:

Տիգրան Հակոբյան - Հետազոտությունները անցկացնում են բուժկենտրոններում, որոնց հետ համագործակցում ենք, և նրանք տալիս են ուղեգիր, որտեղ գրված է՝ 25 տոկոսից բա՞րձր է հավանականությունը, թե՞ ցածր: Եթե ցածր է, դժբախտաբար դուրս են մնում ծրագրից, եթե բարձր է՝ անցնում ենք հետագա փուլերին:
 
«Հայ մանուկ» ծրագիրը զույգերին օգնում է բուժվել կամ արհեստական բեղմնավորում անել նաև վիճակահանության միջոցով: Վիճակահանության մասնակիցները պարտադիր պետք է բավարարեն կարգի պայմանները, այսինքն արդեն ընդգրկված լինեն ծրագրում և հերթագրված լինեն: Պարզապես զույգեր կան, որոնց հերթը, օրինակ՝ 2 տարի հետո կարող է հասնել: Այդ պատճառով կազմակերպությունը նրանց երկրորդ հնարավորություն ընձեռելու տարբերակ է մտածել:

Տիգրան Հակոբյան - Ցավոք սրտի, գրանցված է մոտ 3 հազար ընտանիք: 2800-րդի հերթը շատ դժվար է, որ հասնի, դրա համար մենք անցկացնում ենք վիճակահանություն: Օրինակ՝ անցած տարի վիճակահանության արդյունքում 55 ընտանիք ֆինանսավորվեց: Հիմա նոր սկսում են ծնվել բալիկները, և այս տարի նորից կանցկացնենք վիճակահանություն:
 
Ասոցիացիայի հովանավորները շարքային քաղաքացիներ են, գործարարներ՝ Հայաստանից ու սփյուռքից: Նվիրատվություններ են անում՝ սկսած մեկ դոլարից մինչև մեծ գումարներ: Եվ ծրագրի շահառու դառնալու և ծրագրին օգնելու համար քաղաքացիները կարող են նամակ գրել Հայ ասոցիացիայի ֆեյսբուքյան էջին:

Հերթագրված 3 հազար զույգից այս պահին ասոցիացիան հնարավորություն ունի սպասարկել ընդամենը 100-ին, և այդ 100 ընտանիքում շատ շուտով, հավանաբար, ուրախ լուրեր կլինեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում