«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքն ուղարկվել է ՍԴ

ՍՍոնա Աղբալյան

Կրթության գերատեսչությունը որոշել է փոխել բուհերի կանոնադրությունը՝ չսպասելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի քննությանը: Այն 79 կողմ ձայնով ընդունվել էր Ազգային ժողովի կողմից մարտի 24-ին: Օրենքը չէր ստորագրել նախագահը և ուղարկել էր Սահմանադրական դատարան:

Զուգահեռ հանրապետության պետական բուհերի կանոնադրությունը փոխելու որոշման նախագիծ է մշակվել, իսկ կառավարությունը հաստատել է 3 բուհերի կանոնադրությունը: Երևանի և Շիրակի պետական համալսարաններն ու Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանը կունենան նոր կազմով հոգաբարձուների խորհուրդներ:

Լուսինե Գրիգորյան, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ - Կան բուհեր, որտեղ կառավարման ճգնաժամ կա: Այս նախագծով կփորձենք, որպես նախարարություն, լուծել կառավարման ճգնաժամը և բուհերին հնարավորություն տալ, որ ունենան բարձրագույն վերահսկողական մարմին, հոգաբարձուների խորհուրդ, և ապահովվեն իրենց հետագա բնականոն գործունեությունը:

Բուհերի կանոնադրության նոր նախագծով՝ կնվազի բուհերի կառավարման խորհուրդների անդամների թիվը: 65 տոկոսը կլինեն հիմնադրի ու լիազոր մարմնի ներկայացուցիչներ, 35 տոկոսը՝ դասախոսներ ու ուսանողներ:
ՍԴ ուղարկված օրենքով ևս նախատեսվում է կրճատել խորհրդի անդամների թիվը: Մայր բուհի դասախոս, փաստաբանի կարծիքով՝ փոփոխությունը հակասահմանադրական է:

Արսեն Թավադյան, ԵՊՀ դասախոս, փաստաբան - Եթե դու ունես ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտ, որի սահամանադրականությունն այս պահին վիճարկվում է ՍԴ-ում, բնականաբար, ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող ակտը չի կարող պարունակել նույն դրույթները: Եթե առաջինն անվավեր ճանաչվի, բնականաբար, մյուսը ևս կճանաչվի սահմանադրությանը հակասող:

Փաստաբանը հիշեցրեց՝ Սահմանդրությամբ երաշխավորվում է ակադեմիական ազատությունը, մինչդեռ կարծում է՝ այն կարող է խախտվել նոր նախագծով:

Արսեն Թավադյան - Մեկ կենտրոնից ղեկավարվելու է հոգաբարձուների խորհրդի 65 տոկոսը, մնացած 35 տոկոսը ներկայացնելու են 2 տարբեր խմբերի շահեր՝ դասախոսների և ուսանողների: Ակնհայտ է, որ դասախոսների և ուսանողների խումբը կրելու է ձևական բնույթ, որովհետև իրենք շատ հաճախ քվեարկելու են տարբեր ձև, իսկ 65 տոկոսը միշտ քվեարկելու է նույն ձև, որովհետև պետության վերահսկողության ներքո է լինելու:

Կրթության գերատեսչությունում պարզաբանում են՝ քայլը վերահսկողության համար չէ, պարզապես պետք է հրատապ լուծել խնդիրները:

Լուսինե Գրիգորյան - Մեր կարծիքով՝ կարող է նպաստել բուհերում արդյունավետ կառավարմանը և հիմնադրի մասնակցությանը, վերահսկողությանը՝ ոչ, ուղղակի մասնակցությանը բուհերի կառավարման խորհուրդներում՝ որպես բուհերի հիմնադիր:

Փոփոխությանը դեմ է պետական բուհերի ռեկտորների խորհուրդը:

Բուհերի կանոնադրությունը փոխելու նախագիծը կքննարկվի մինչև մայիսի 14-ը: Եթե Կառավարության նիստին այն հաստատվի, համալսարաններում կձևավորվեն հոգաբարձուների խորհուրդներ:

Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարան ուղարկված օրենքն ուսումնասիրման փուլում է: Եթե որոշվի՝ նոր օրենքը չի հակասում Մայր օրենքին, կանոնադրությունը փոխելու նախագիծը կարճ կյանք կունենա, կրկին կձևավորվեն հոգաբարձուների խորհուրդներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում