Ադրբեջանի կողմից ռազմական բոլոր հանցագործությունները քրեաիրավական գնահատականի են արժանացել. գլխավոր դատախազ

ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց՝ հարուցվե՞լ են արդյոք քրգործեր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից օգտագործված՝ արգելված զինատեսակների օգտագործման փաստով:
Դավթյանը նշեց, որ, այո, քրգործեր հարուցված են, ռազմական գործողությունների ընթացքում էլ մշտական մոնիթորինգ է իրականացվել՝ և՛ սոցցանցերում, և՛ մշտական կապ է եղել ԶՈՒ աղբյուրների հետ:
«Մեր խնդիրն է եղել՝ այդ օրերի ընթացքում հնարավոր ռազմական հանցագործության դեպքի վերաբերյալ հրապարակային որևէ տեղեկություն չթողնել անարձագանք: Հիմա համապատասխան ապացուցողական բազայի ապահովման և այդ թվում նաև կոնկրետ մեղավորների բացահայտման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Բոլոր դեպքերը քրեաիրավական արձագանքի են արժանացել»,- նշեց Դավթյանը՝ հավելելով, որ մեղադրյալ անձանց ներգրավումը ընթացիկ գործընթաց է, բայց այս պահին այդ հարցերի վերաբերյալ հրապարակումներ դեռ չեն արվում:









