ԼԼիլիթ Գասպարյան

Այսօր Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրն է

Այսօր Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրն է

Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրվա ամենամյա անցկացման մասին որոշումն ընդունվել է 2008 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից` ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համատեղ:

Աշխարհում գրիպի նոր ձևերի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բռնկումների առումով` անձնական հիգիենայի, մասնավորապես, ձեռքերը լվանալու կարևորությունը հիմնական կանխարգելիչ միջոցառումների շարքում գտնվում է առաջին տեղում:

ԱՀԿ-ի այս տարվա կարգախոսն է. «Վայրկյանները կյանքեր են փրկում. լվացե՛ք ձեռքերը»:

Ձեռքերի հիգիենան շարունակում է արդիական հարց մնալ շատ առաջադեմ երկրների առողջապահության համակարգերում: Բժշկագիտության վերջին տվյալներով` բուժաշխատողների ձեռքերը գործնականում համարվում են ներհիվանդանոցային վարակների փոխանցման հիմնական գործոնը: Այդ պատճառով յուրաքանչյուր բուժաշխատող պետք է իմանա ձեռքերի հիգիենայի կանոնները, իսկ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարները` թե ինչպես կարողանան արդյունավետ կազմակերպել այդ կարևոր միջոցառումների համակարգը: Ժամանակակից գիտական հետազոտություններն ապացուցել են, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ներհիվանդանոցային վարակների, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ամենաարդյունավետ միջոցներից մեկը համարվում է ձեռքերի հիգիենան:

ԱՀԿ-ի տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում տարեկան արձանագրվում է ներհիվանդանոցային վարակների 14 միլիոն դեպք, դրանց 40-80%-ը փոխանցվում է ձեռքերով:

Ձեռքերի հիգիենայի կարևոր «5 պահ», որոնց հատկապես պետք է հետևել՝

  • պացիենտին դիպչելուց առաջ.
  • մաքուր և ասեպտիկ գործողություններից առաջ (օրինակ՝ կաթետեր դնելուց առաջ).
  • կենսաբանական հեղուկների հետ շփվելուց հետո.
  • պացիենտին դիպչելուց հետո.
  • պացիենտի շրջապատի իրերին դիպչելուց հետո:

Ձեռքերի ժամանակին և ճիշտ հիգիենիկ մշակումը բուժանձնակազմի և հիվանդների անվտանգության գրավականն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում