Ֆրանսիայի Անտոնի քաղաքում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի և Պատրիկ Դևեջյանի հիշատակը

ՆՆարե Թադևոսյան

Ֆրանսիայի Անտոնի քաղաքում է տեղադրված Քանդակագործ Թորոսի «Հայկական արծիվ» կոչվող քանդակը, այն լավագույնս ներկայացնում է հայ ժողովրդի ցավը և, միևնույն ժամանակ, մշտապես վերհառնող տեսակը: Հուշաքանդակի բացման արարողությունից 6 տարի անց Անտոնիի քաղաքային խորհուրդը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և Անտոնիի նախկին քաղաքապետ, Օ-դե-Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանին:

Միջոցառմանը մասնակցեցին Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենան, Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդին, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Պատրիկ Դևեջյանի այրին՝ Սոֆի Դևեջյանը, Սոի, Վերիեր լը Բուիսոնի, Շատնե Մալաբրիի քաղաքապետերը: Քաղաքական գործիչներն իրենց ելույթներում նշեցին՝ Պատրիկ Դևեջյանի կյանքի գործը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը և ժխտողականության դատապարտումը, մինչ օրս արթուն է իրենց սրտերում, և նրանք հետևողական են ժխտողականության յուրաքանչյուր դրսևորման դատապարտմանը:


Ժան-Իվ Սենան, Անտոնիի քաղաքապետ - Պատրիկ Դևեջյանը պատգամավոր էր, ֆրանսիական քաղաքական էլիտայի ականավոր ներկայացուցիչ, նա մեծ հեղինակություն էր վայելում, Հայոց ցեղասպանության գործը նրա կյանքի գործն էր: Նա ջանք չխնայեց, որպեսզի Ֆրանսիան ճանաչի պատմական ճշմարտությունը, և հաջողեց 2001 թվականին: Թուրքիայի ժխտողականությունն անընդունելի է, Թուրքիան չի ընդունում, որ հայերին ցեղասպանության ենթարկելու և վերացնելու մտածված քաղաքականություն է վարել, դա անընդունելի է:

Հայոց ցեղասպանության խնդրից զատ՝ Պատրիկ Դևեջյանը Հայաստանի զարգացման և տնտեսական բարելավման իր տեսլականն ուներ:

Ժորժ Սիֆրեդին, Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ - Պատրիկը Հայկական հարցի պաշտպանն էր Ֆրանսիայում, նա բացառիկ խելացի իրավաբան էր նաև, նրա հիմնավորումները, ելույթները հանգեցրին Հայոց ցեղասպանության ընդունմանը Ֆրանսիայում: Նրա օրոք էր նաև, որ Օ դե Սեն դեպարտամենտի խորհուրդն սկսեց տնտեսական համագործակցություն Տավուշի մարզի հետ: Արդեն 12 տարի է, ինչ այս համագործակցության շնորհիվ սահմանամերձ գյուղերի բնակիչները ներգրավված են գյուղատնտեսության և պանրի արտադրության գործում, որը արտահանում են և տնտեսական շահույթ ստանում:

Հուշահամալիրի արարողությունից հետո Անտոնիի հայ մշակույթի տան սրահներից մեկն անվանակոչվեց Պատրիկ Դևեջյանի անվամբ: Պատրիկ Դևեջյանի այրին՝ Սոֆի Դևեջյանը, հիշում է ամուսնու երջանկությունը, երբ Ֆրանսիան օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Սոֆի Դևեջյան, Պատրիկ Դևեջյանի այրին - Երբեք չպետք է վախենալ թուրքերից, երբեք, պետք է մշտապես առաջ նայել: Երբ մենք ամուսնացանք, շատ քիչ ֆրանսիացիներ գիտեին Հայոց ցեղասպանության մասին, ապրիլի 24-ի միջոցառումներին 50 մարդ էր ցույցերին մասնակցում, այնուհետև ֆրանսիացի գրող Իվ Տերնոնի աշխատություններից և ամուսնուս ելույթներից հետո մարդիկ սկսեցին խոսել Հայոց ցեղասպանության մասին, և մենք հաջողեցինք: Կարող եմ վստահ ասել, որ ամուսնուս կյանքի ամենաերջանիկ օրն էր, երբ Ֆրանսիան օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Անտոնիի հայ մշակույթի տան սաները այսուհետ մշակույթի տուն կայցելեն՝ անցնելով Պատրիկ Դևեջյանին նվիրված վարդերի պուրակով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում