Ջրային կրկեսի՝ մեկ տարի առաջ գնած տոմսերը դեռ ուժի մեջ են

ՔՔրիստինե Ոսկանյան

Երկարատև դադարից հետո Մարզահամերգային համալիրում աշխատանքային իրարանցում է: Պատրաստվում են ջրային կրկես ներկայացմանը:

Այն Երևան են բերել Ուկրաինայի կրկեսի արտիստները: Երկու օր առաջ են ժամանել ու անմիջապես գործի անցել: Համալիրում 170 տոննա ծավալով լողավազան է հավաքվում: Վաղը երեկոյան այստեղ ջրային հրավառություն են խոստանում:

Դենիս Միխայլենկո (Ջրային կրկեսի գեղարվեստական ղեկավար) - Ոչ միայն շոու է լինելու, այլև մի ամբողջ կրկեսային հեքիաթ: Հերոսները հայտնվելու են ջրային աշխարհում՝ Ատլանտիդայում, և բազմաթիվ արկածներ են հաղթահարելու: Մեր հերոսներից ամեն մեկը գնալու է իր երազանքի հետևից: Մենք մի յուրօրինակ պատմություն ենք պատմելու երևանյան հանդիսատեսին:

Հնարամիտ ռեժիսորական լուծումներով ներկայացման մեջ ներգրավված է 26 արտիստ, այդ թվում՝ օդային գիմնաստներ ու ակրոբատներ: Լինելու է նաև ջրային բալետ: Խորհրդավորությունն էլ կապահովեն դերասանների դիզայներական վառ հագուստները, հատուկ լուսաձայնային էֆեկտներն ու մոտ 30 մետրանոց շատրվանները:

Համավարակով պայմանավորված՝ այս անգամ ջրային կրկեսում կենդանիներ չեն լինելու: Փոկերին, կապիկներին ու մյուս կենդանիներին չենք բերել. սահմանային խնդիրներ կային, բայց նրանց փոխարինել ենք կրկեսային համարներով: Այս շոու ծրագիրը հետաքրքիր կլինի ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար:

Ջրային կրկեսը Երանում դեռ անցած տարի էր պլանավորված, բայց համավարակը ծրագրերը խախտել էր:

Կարեն Ղազարյան (Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն) - 
Շատերը տոմսեր էին գնել անցած տարի, նույնիսկ կրկեսը անցած տարի եկել էր Հայաստան և պատրաստ էր ելույթ ունենալու հենց այն պահին, երբ արգելեցին բոլոր միջոցառումները: Եվ մի տարի սպասելուց հետո նորից կարողանում ենք նրանց հյուրընկալել: 

Անցած տարի սպասվող կրկեսային շոուի տոմսերի 30 տոկոսն էր վաճառվել: Վերադարձման հարցը խնդիրներ էր առաջացրել, քաղաքացիները բողոքում էին՝ տոմսերը չեն կարողանում վերադարձնել: Մարզահամերգային համալիրից տեղեկացրին, որ վաճառված տոմսերի ընդամենը 1 տոկոսն են հետ վերցրել:

Պնդում են՝ մնացյալն ուժի մեջ է մինչև օրս, կարող են մոտենալ ու 1 տարի ուշացումով դիտել շոուն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում