Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության որոշումը ԿԳՄՍՆ-ն դեռ չի հաստատել

ՀՀովհաննես Վարդանյան

Արդեն մեկ տարի Պոլիտեխնիկը ռեկտոր չունի. մարտի 15-ին բուհի հոգաբարձուների խորհուրդը Գոռ Վարդանյանին ընտրեց ռեկտոր: Քանի դեռ նրա ընտրությունը չի հաստատվել, բուհը դեռ ղեկավարում է ռեկտորի պաշտոնակատարը: Բուհում սպասողական վիճակ է. փաստաթղթերը պատասխանատու գերատեսչությունում դեռ ուսումնասիրում են: Ռեկտորի նախկին թեկնածու Դավիթ Ղազարյանը մրցույթի արդյունքները չի ընդունում, դրանք անվավեր ճանաչելու պահանջով հայց է ներկայացրել դատարան:

Դավիթ Ղազարյան (ՀԱՊՀ ռեկտորի նախկին թեկնածու) - Այս ամբողջ պրոցեսում, սկզբից մինչև վերջ՝ երկրորդ փուլն էլ ներառյալ, տեղի են ունեցել խախտումներ, ընդ որում՝ խայտառակ խախտումներ: Հուսամ՝ չի հաստատվի Կառավարության մակարդակով և դատական պրոցեսին չի հասնի, որովհետև եթե Կառավարությունը չի հաստատում, իմ հայցը դառնում է առարկայազուրկ, և դատարանը կարճելու է այդ գործը:

Պարզվում է՝ քվեարկության արդյունքների արձանագրությունը ստորագրել են հաշվիչ հանձնաժողովի 5 անդամից միայն 2-ը: Հարցը նաև նախարարության ուշադրության կենտրոնում է: Հոգաբարձուների խորհրդի անդամը չի ընդունում այն տեսակետը, որ ռեկտորի ընտրությունը խախտումներով է անցկացվել: Պրոֆեսոր Մելիքյանը հույս ունի, որ հիմնադիր մարմինը Գոռ Վարդանյանին քվեարկածների ձայնը կհարգի և դրական որոշում կկայացնի:

Վազգեն Մելիքյան (ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ) - Կարծում եմ, որ այդտեղ որևէ իրավական հիմք չկա այդ արձանագրությունը չհաստատելու համար: Համոզված եմ, որ հիմնադիրը դա լավ գիտակցում է: Համոզված եմ, որ կհաստատվի հոգաբարձուների խորհրդի որոշումը, հակառակ դեպքում բնական է, որ դա կվիճարկվի իրավական հարթությունում»:

Ռեկտորի նախկին թեկնածուն մոտ մեկ ամիս է՝ Պոլիտեխնիկ չի մտնում: Դավիթ Ղազարյանն իր դիմումի համաձայն հեռացել է բուհից: Ասում է՝ տևական ժամանակ է՝ բուհում ռազմավարական որոշումներ չեն կայացվում, լուրջ փոփոխություններ չկան: Ինքը համոզված է, որ համալսարանում խոր ճգնաժամ, լարվածություն կա:

Դավիթ Ղազարյան - Կարծում եմ՝ կառավարության, նախարարության ուշացման պատճառներից կարող է լինել, որ փորձում են հասկանալ՝ այս օրենքը նախագահի կողմից ստորագրվո՞ւմ է, թե՞ ոչ: Իսկ ես առաջադրվելու եմ նորից: Հույս ունեմ, որ դա տեղի կունենա, որովհետև այսպես երկար շարունակվել չի կարող, տուժում են բոլորը:

Ղազարյանի խոսքով՝ ձգձգվող գործընթացների պատճառով տուժում է կրթության որակը, սովորելու մոտիվացիան, տուժում են ուսանողները, դասախոսները: Պրոֆեսոր Մելիքյանը հակադարձում է Ղազարյանին՝ բուհը ոչ թե իներցիայով է շարժվում, այլ համալսարանական բնականոն ռիթմով:

Վազգեն Մելիքյան - Ճիշտ հակառակ կարծիքին եմ, որ բուհի մեծամասնությունը, գերակշիռ մեծամասնությունը կարծում է, որ համալսարանում ավելի քան առողջ մթնոլորտ է: Ավելի ճիշտ է, որ համալսարանն ունենա ընտրված ռեկտոր, քանի որ այդ դեպքում բացի առօրյա գործառույթներից, կստեղծվի նաև համալսարանի նոր ռազմավարական պլան և հետամուտ կլինի համալսարանի հետագա՝ քանակական ու որակական աճի զարգացմանը:

Թե 88-ամյա բուհի ռեկտորի ընտրության վերաբերյալ ինչ վերջնական որոշում կկայացնի Կառավարությունը՝ բուհում դժվարանում են կանխատեսել, բայց նաև չեն բացառում արհեստական ձգձգումները, որ կրթության և գիտության մասին օրենքն ընդունելուց հետո ռեկտոր ընտրեն հոգաբարձուների խորհրդի փոփոխված կազմով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում