Ինչպես են ապրում սահմանամերձ դարձած Խնձորեսկում

ԱԱննա Ավետիսյան

Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղը դարձել է սահմանամերձ: Հայկական զինված ուժերը հետևում են, որ առօրյա հոգսերով զբաղված գյուղացիներին որևէ վտանգ չսպառնա:

Երվանդ Մալունց (Խնձորեսկի վարչական շրջանի ղեկավար) - Մարդիկ բնականոն կյանքով ապրում են, գյուղատնտեսությունը, ինչպես տեսնում եք, այսօր էլ շարունակվում է, կրակոցներ չկան, ճիշտ է, կան արոտավայրերի, հողերի խնդիր, անասնապահության խնդիր:  

Ծննդավայրում կյանքը շարունակելու մտադրության մասին է խոսում զոհված հերոսի կինը։

Արմենուհի Հայրապետյան (գյուղի բնակիչ) - Մենք ուժեղ ենք և պարտավոր ենք մեր հողում մնալ և ապահովել մեր հողի, մեր Հին Խնձորեսկի անվտանգությունը:

Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանիսյանի խոսքով՝ այցելել են Խնձորեսկի սահմանային գոտիներ, ծանոթացել սահմանագծերին, վստահեցնում է՝ գյուղի անվտանգությունն ապահովված է։

Միակ մտավախությունն է, որ անասունները կարող են հատել սահմանը: 

ԽՆՁՈՐԵՍԿԻ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆԸ

Կառավարության որոշմամբ՝ Խնձորեսկը պատմական հուշարձանի կարգավիճակ ունի: Այն տարածաշրջանում զբոսաշրջության լավագույն վայրերից է: Մարզպետի տեղակալն ասում է՝ այս տարի փորձելու են լուծել ճոճվող կամուրջ տանող ճանապարհի նորոգման հարցը, կարգավորել ջրագծերը: 2300 բնակչություն ունեցող Խնձորեսկի տնտեսությունն ակտիվացնելու համար ընկույզի տնկարաններ ու ջերմոցներ հիմնելու ծրագրեր կան:
 
Անկախ սահմանամերձ դառնալու փաստից, Խնձորեսկը շարունակում է տուրիստական գրավիչ վայր համարվել: Նկարահանման պահին հանդիպեցինք ռուսաստանցի զբոսաշրջիկների:
 
Հին և Նոր Խնձորեսկների երկու ձորափերը իրար միացնող ճոճվող կամրջի հիմնադիր և հյուրանոցային բիզնեսով զբաղվող Ժորա Ալեքսանյանը դժգոհում է Սյունիքի հասցեին ապատեղեկատվություն տարածողներից: Ասում է՝ անտեղի լարում են վիճակն ու վնասում տեղացիներին:
 
Խնձորեսկում զբոսաշրջիկներին ուղեկցող Սևադան սերտել է սահմանային տարանջատումները, պատմում է, որ այցելուները գալիս են վախեցած, բայց ականատես լինում այլ իրականության: 

Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում