ԴԴավիթ Մուրադյան

«Թարթառի գործն» Ադրբեջանում՝ 11 մահ և մարդու իրավունքների խախտումներ

«Թարթառի գործն» Ադրբեջանում՝ 11 մահ և մարդու իրավունքների խախտումներ

Ադրբեջանում «Թարթառի գործի» շրջանակներում մոտ 78 քաղաքացի է ձերբակալվել և պետության դավաճանության մեղադրանքով 12-20 տարով ազատազրկման դատապարտվել։ Այս մասին ասվում է The World Organisation Against Torture (OMCT) կազմակերպության զեկույցում։

Զեկույցում նշվել է, որ 2017 թ. մայիսին Թարթառում «Հայաստանի օգտին լրտեսության» մեղադրանքով մի խումբ զինծառայողներ և քաղաքացիական անձինք են ձերբակալվել։ Մայիսի 7-8-ին ԶԼՄ-ները հայտնել են 47 անձանց ձերբակալման մասին, սակայն մեկ օր անց մամուլը դադարել է տեղեկություններ հաղորդել, ինչից հետո սկսել են մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին ոչ պաշտոնական տեղեկություններ տարածվել։ 

«Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտ» ՀԿ-ի տվյալներով՝ ձերբակալվածները փաստաբանների հետ հանդիպման իրավունք չեն ունեցել և ազատազրկվել են առանց դատարանի որոշման: Եղել են նաև դեպքեր, երբ ԶԼՄ-ների խմբագիրները կանչվել են Գլխավոր դատախազություն, և նրանց զգուշացվել է չհրապարակել «պետական ​​գաղտնիք» պարունակող նյութեր։

Զեկույցի համաձայն՝ այսօր հայտնի է 78 մարդ, որոնք կալանավորված են և դատապարտված 12-20 տարվա ազատազրկման: Ձերբակալվածները մեղքը խոստովանելու համար խոշտանգումների են ենթարկվել, ինչի հետևանքով 11 մարդ մահացել է: Մահացածների ընտանիքների պնդմամբ՝ նրանց մարմինները միշտ չէ, որ հանձնվել են իրենց։

Կազմակերպությունն անդրադարձել է նաև 2019 թ. Բաքվի կենտրոնում վրաերթի ենթարկված իրավապաշտպան Օգթայ Գյուլալիևին, որը հետաքննում էր «Թարթառի գործով» խախտումները: Նշվել է, որ Գյուլալիևին հիվանդանոցում 17 ժամ շարունակ որևէ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, և արդյունքում, նա դեռևս կոմայի մեջ է:

Կազմակերպությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ղեկավարության և իրավապահ մարմինների գործողությունները, որոնք ուղեկցվել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներով՝ պահանջելով անմիջապես հետաքննել խոշտանգումների դեպքերն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին, հայտնել ձերբակալվածների թիվն ու վերջ տալ խոշտանգումների պրակտիկային։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում