ՃՇՀԱՀ-ում կվերաբացվի Երկաթգծի շինարարություն և գծային տնտեսություն կրթական ծրագիրը

ՆՆարե Ոսկանյան

Հայկական երկաթուղին նոր, որակյալ մասնագետների կարիք ունի: Երկաթգծի շինարարություն, երկաթգիծ և գծային տնտեսություն ուսումնական ծրագիրն առաջիկայում կվերաբացվի, մինչև այդ վերապատրաստվում են աշխատակիցները: Մասնագիտությամբ հետաքրքրված դիմորդների թվի ավելացման դեպքում ծրագիրը կընդլայնվի:

Սերգեյ Հարությունյանին այստեղ ամեն դետալի պատմություն ծանոթ է: 30 տարուց ավելի երկաթուղային ոլորտում է աշխատում: Ասում է՝ փակ ճանապարհների պատճառով բեռնափոխադրումներն ավելի քիչ են իրականացվում, քան իրականում կարող են:

Սերգեյ Հարությունյան, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ - Այդ երեք միլիոնը, մոտավորապես, որ մենք տեղափոխում ենք, դա մեր հնարավորություններից 8 անգամ քիչ է: Եթե 8 անգամ շատ տեղափոխենք, բնական է, եկամուտը կշատանա, և մենք ավելի շատ կարող ենք զարգացնել:

Շուրջ 30 տարի առաջ Երևանի ու Բաքվի միջև գործել է գնացք, որը Խորհրդային Հայաստանը Ռուսաստանին կապող հիմնական երկու ուղղություններից մեկն է եղել: Այժմ Հայաստանը 4 երկրի հետ սահման ունի, բայց միայն Վրաստանի հետ երկաթուղային կապ:

Սերգեյ Հարությունյան - Հուսով եմ՝ վիճակը դեպի լավը կփոխվի: Հիմա խնդիրը մեկն է՝ պահպանենք այն, ինչ կա, մինչև բացվեն սահմանները, եթե բացվեն, եթե բեռները շատանան:

Երկաթուղային ցանցն ընդլայնելու գործընթացին զուգահեռ՝ առաջ է գալիս նաև ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող մասնագետների հարցը: Կադրային խնդիրը լուծելու համար գործակցում են «Հարավկովկասյան երկաթուղին» ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը: Երկաթգծի շինարարություն, երկաթգիծ և գծային տնտեսություն ուսումնական ծրագիրը կվերաբացվի: Այս տարի ուսում կստանան երկաթգծի աշխատակիցներից 15-ը: Իսկ առաջիկայում նախատեսվում է ընլայնել ծրագիրը, որպեսզի ոլորտով հետաքրքրված այլ դիմորդներ ևս կարողանան սովորել այդ մասնագիտացմամբ:

Սերգեյ Հարությունյան - Անցած տարի ստացել ենք նոր շարժակազմ, ուղևորատար շարժակազմի նոր տեսակ և էլի պետք է ստանանք: Պետք է այդ նոր մասնագետները նոր գիտելիքներով գան՝ նոր տեխնկայի հետ աշխատելու, նոր կառավարման մենեջմենթի տեսակներ օգտագործելով:

Երկաթգծի կառուցումից մինչև շահագործում. սովորողները կծանոթանան ամբողջական շղթային: Բուհի պրոռեկտորը հավաստիացնում է՝ կրթական ու գիտական պոտենցիալը լիարժեք բավարարում է նման մասնագետներ պատրաստելուն:

Գառնիկ Ստեփանյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր- Ունենք շատ հագեցված լաբորատորիա, որտեղ կան համաապատասխան բոլոր սարքավորումները, որոնցով մենք կարող ենք ուսումնասիրել կամուրջները, երկաթգծի այլ թունելներ, ուսումնասիրել նրանց թերությունները, բացահայտել բոլոր վտանգավոր տեղերը: Եթե վտանգներ կան երկաթգծի հետ կապված, ուսումնասիրել այդ հատվածները:

Պրոռեկտորի խոսքով՝ ոլորտի զարգացմանը կնպաստի, որ ապագա սովորողներն իրենց գիտելիքները կիրառեն նաև գիտահետազոտական աշխատանքներում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում